Հայաստանի ներկայիս միգրացիոն իրավիճակն ընդհանուր առմամբ մնում է բարդ: Դրա պատճառներն են՝ գործազրկության բարձր և արժանավայել գոյատևման համար եկամուտների ոչ բավարար մակարդակները, մարդու իրավունքների (քաղաքացիական, տնտեսական, քաղաքական և այլն), իրացման գործում առկա հիմնախնդիրները, ապագայի հանդեպ վստահության ու հավատի զգացման խաթարվածությունը, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների և տեմպերի ընդգծված տարածքային շեղվածությունները և այլն: Վերջին շրջանում, սակայն, մեծացել է Հայաստան վերադարձող սեզոնային աշխատողների թիվը: Դա, իհարկե, պայմանավորված է Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացմամբ և աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխությունների հետ:

Թե հիմնականում ո՞ր երկրներից են վերադառնում Հայաստան, վերադարձածների քանի՞ տոկոսն է մշտական բնակության համար գալիս և ի՞նչ դրդապատճառներով, կիմանանք առաջիկայում. Կառավարության պատվերով հետազոտություն է իրականացվում: Տեղեկացնենք, որ Հայաստանի արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտություն վերջին անգամ իրականացվել է 2007-ին՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է ակնկալվող ներհոսքին: Միանշանակ կարելի է ասել, որ հայերի հայրենադարձությունը ոչ ոքի պետք չէ՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ կուսակցություններին, ո՛չ  բիզնես  վերնախավին,  ո՛չ  արտերկրի  հայ համայնքներին, հիմնադրամներին ու հայրենակցական կազմակերպություններին քանի որ նման հարց չկա այսպես կոչված «հայկական աշխարհի» վերոնշյալ բաղադրիչների  օրակարգում: Հասարակությունը, իշխանությունը, քաղաքական գործիչները, սփյուռքի կազմակերպությունները, այսինքն` բոլորը, կարծես, խուսափում են առաջարկել հայերի հայրենադարձության որեւէ տեսլական՝ թեկուզ եւ «հում», անհասկանալի, նույնիսկ՝ անիրագործելի: Այդ խնդրին անդրադարձ չի արվում կուսակցությունների նախընտրական ծրագրերում:

Հայաստանի իշխանությունը մտահոգ է, որ մինչեւ ՄՄ պայմանագրի ստորագրումը Հայաստանում կարող են հայտնվել դժգոհ մարդիկ: Նրանք, ովքեր ստիպված են վաստակել Ռուսաստանում, սակայն զրկվել են դրանից նոր օրենքի պատճառով, կարող են դառնալ «կրիտիկական զանգված»: Նրանք տասնյակ հազարավոր մարդիկ են, ովքեր Հայաստանում չունեն իրենց ընտանիքները պահելու հնարավորություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակին «կատակել» էր, թե արտագաղթը չեն կանգնեցնում, որպեսզի այդ մարդիկ «չմնան ու հեղափոխություն չանեն»: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր կատակի մեջ ճշմարտության հատիկ կա: Եվ զարմանալի չէ, որ Տիգրան Սարգսյանի այս մտահոգությունը փոխանցվել է նաև այսօրվա կառավարությանը: Հաշվի առնելով երկրում սրված սոցիալ- տնտեսական վիճակը, նման ծավալի ներհոսքը կարող է իրոք լուրջ խնդիրներ առաջացնել իշխանությունների համար: Դառնալ հենց այն ֆորս-մաժորը, որի մասին այդքան խոսում են, և որը կանխատեսում են փորձագետները:

 

Ստելլա Խաչատրյան