«Ինֆորմատիկա» առարկայի վերաբերյալ գրվել է նոր կրթակարգ, և նախագիծը դրվել է քննարկման։
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը։
 
«Ինֆորմատիկա» առարկայի հետ կապված մեծ փոփոխություններ են արված։ Դասագրքի անվանումն է փոխվել՝ «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ»։ Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող որակական պահանջների և հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջների մեջ նույնպես շատ փոփոխություններ են կատարվել։ Ես ինքս 15 տարի դասավանդել եմ դպրոցում և շատ լավ տեղյակ եմ, թե ինչն է հետաքրքրում երեխաներին։ Հենց դրանից ելնելով կրթական համակարգում մեծ փոփոխություններ ենք արել»,- ընդգծեց Ռուզաննա Ստեփանյանը։
 
Ներկայացնելով ծրագրում կատարված փոփոխությունների նորությունները՝ նա նկատեց, որ ներառվել են ամպային տեխնոլոգիաները, որոնցով երեխաները այսօր շատ հետաքրքրված են։ Սա հնարավորություն է տալիս նաև հեռահար ուսուցում իրականացնել։
 
«Ներառել ենք web երեք գործիք, ինչպես նաև smart տեխնոլոգիաների ծրագրերը, որոնք երեխաները մեծ հաճույքով սովորում են և նախագծեր են կազմում։ Կրթակարգի մեջ դարի շունչն ենք փորձել մտցնել։ Մենք ներառել ենք նաև, թե ինչպես կարող է երեխան տարբերակել որևէ տեղեկության փնտրելու ժամանակ կարևորն անկարևորից, առաջնայինը երկրորդականից»,- նշեց Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչը։
 
Կրթակարգը դեռ քննարկման փուլում է, հնարավոր է, որ մինչև տարեվերջ այն հաստատվի։