ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ դեմ է ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկմանն` առաջին պլան բերելով անվտանգության գործոնը: Հարցին՝ ԵՏՄ-ն ի՞նչ է տվել Հայաստանին անվտանգության ապահովման ոլորտում, Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Պարզ չէ՞, որ մեր անվտանգության դիրքերն ամրապնդվել են: Մենք պատերազմ ենք հաղթել, որը բոլորովին վերջերս պարտադրվել էր մեզ Ադրբեջանի կողմից: Փաստը մնում է փաստ չէ՞, թե մենք ինչ ռեսուրսով ենք կարողացել հաղթել այդ պատերազմում: Դա ակնհայտ փաստ է, չէ՞»:
 
Թարմացնելու համար պարոն Ռուստամյանի հիշողությունը՝ ասենք՝ ռուսական  «աջակցության» շնորհիվ մենք այսօր փաստացի ունենք դատարկված Թալիշ գյուղ, որտեղ ապրելու հնարավորություն չկա. գյուղն անմիջական ռմբակոծության տակ է: Թալիշ գյուղի բնակչությունն այսօր մեր հայրենիքի տարբեր բնակավայրերում է, բայց կորցրել է իր մշտական բնակության վայրը: Մենք ոչ միայն 800 հեկտար հողակտոր ենք կորցրել, այլ բնակավայր: Այսօր այդ 800 հեկտարով պայմանավորված է նաև Մարտակերտում անվտանգ ապրելու հնարավորությունը: Այսինքն՝ մենք նաև անվտանգության կորուստ ենք ունեցել, որը մեր ամբողջ արևելյան սահմանը դարձրել է խոցելի: Սերժ Սարգսյանի պնդումը, թե ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ էին՝ հավատ չի ներշնչում, որովհետեւ այդ դեպքում Թալիշի, Մատաղիսի ու Մարտակերտի ժողովուրդն ինչո՞ւ իրենց տներում չեն ապրում, մի պարզ պատճառով, որովհետեւ ադրբեջանական զորքերն այն տարածքում են դիրքավորվել, որտեղից շատ հեշտ է դարձել խոցել այդ գյուղերը: Անպետք հողեր չեն լինում, լինում են անպետք ղեկավարություններ, որոնք հողերի արժեքը չեն հասկանում: Առնվազն ցինիկ է հնչում Ապրիլան պատերազմում Հայաստանին ցուցաբերված ռուսական իբրև թե աջակցության մասին պնդումն այն պարագայում, երբ անգամ իշխանության ներկայացուցիչներն են տողատակով կամ շշուկով խոսում այն մասին, որ անցած տարվա ռազմական գործողությունները Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հետևանք են: 
 
Արմեն Ռուստամյանը այնքան միամիտ չէ, չգիտակցելու համար՝ Ապրիլյան պատերազմը չէր կարող լինել առանց ռուս- ադրբեջանական համաձայնության: Հակառակ դեպքում՝ ռուս–թուրքական հարաբերությունների լարվածության խորացումը կարող էր բերել ավելի լայնամասշտաբ պատերազմի, եթե չլիներ այս համաձայնեցված և հստակ սահմաններ ունեցող որոշակի ծրագիրը: Այդ մասին է վկայում նաև Ռուսաստանի թույլ և ոչ համոզիչ արձագանքը ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ռուստամյանը նաև հիշում է, որ իր հայտարարությանը համահունչ մի հայտարարություն էլ արել էր Զաքիր Հասանովը, նշելով, որ ռուսական զենքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել Ապրիլյան պատերազմում, միայն թե, ի տարբերություն Ռոստոմյանի՝ Հասանովը համեստություն է արել և չի խոսել հաղթանակների մասին: Ապրիլյան պատերազմը ռուս-ադրբեջանական ծրագրի իրականացման հերթական փորձն էր, որը, խոշոր հաշվով, կրկին տապալվեց կամ մնաց կիսատ, իսկ կիսատ մնաց ոչ թե օտար աջակցության, այլ բացառապես մեր զինվորների, սպաների խիզախության, անձնազոհության և բարձր պատրաստվածության շնորհիվ: Ադրբեջանն այս անգամ արդեն կիրառեց ժամանակակից զենքերը, սակայն պարզվեց՝ դեռ չի տիրապետում դրանց, չունի մասնագիտական պատրաստվածություն: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը հայտարարեց, որ շարունակելու է զինել Ադրբեջանին: Եվ այսքանից հետո դեռ գտնվում են քաղաքական գործիչներ, ովքեր հանդգնում են խոսել անվտանգության դիրքերի ամրապնդման, օտարների աջակցության մասին: Սա սովորական խայտառակություն է…
 
Ստելլա Խաչատրյան