«Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցը հստակ ընդգծված քաղաքագիտական ուղղվածությամբ դպրոց է, որտեղ դասավանդում են բացառապես քաղաքագիտության բնագավառի ներկայացուցիչները: Դպրոցի ծրագիրը կազմված է քաղաքագիտության տեսական և կիրառական հարցերի ընդգրկումով: Կիրառական մասը երբեմն լրամշակվում և փոխվում է՝ պայմանավորված այն քաղաքական և երկրաքաղաքական (գեոստրատեգիական) համատեքստով, որն առաջանում է Այսրկովկասի և աշխարհակարգի շրջանակներում»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում դպրոցի ստեղծման նպատակների մասին խոսեցին Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցի հիմնադիրներ Էմիլ Օրդուխանյանն ու Հայկ Սուքիասյանը:

Հարցին՝ ովքեր կարող են ուսանել դպրոցում, վերջիններս նշեցին, որ դպրոցում կարող է սովորել քաղաքագիտությամբ հետաքրքրվող ցանկացած մարդ, հատկապես՝ ուսանողները, ասպիրանտները, գիտության մարդիկ, ինչպես նաև քաղաքական գործիչները: «Մենք ունենք օբյեկտիվ համոզում՝ քաղաքականությամբ զբաղվելու, պետական շահերը գիտակցելու համար առանց տեսական-գիտական, ինչպես նաև պրակտիկ քաղաքագիտական գիտելիքի՝ անհնար է: Ընդ որում՝ այդ գիտելիքը չի կարող ունենալ կողմնորոշում՝ արևմտամետ, ռուսամետ, Մոզամբիկի կողմնորոշում և այլն: Քաղաքագիտությունը պետական շահի գիտություն է: Մեր դպրոցի նպատակը հայաստանակենտորն մտածողությամբ հասարակություն և քաղաքական համակարգ ձևավորելու մեջ է: Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցի նպատակը բացառապես քաղաքագիտական կրթությունն է, քաղաքագիտական գիտելիքի տարածումը և դրա վարկի բարձրացումը պետական և հասարակական շրջանակներում»:

Հիմնադիրներից՝ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ կա մեկ կարևոր համոզում. քաղաքականապես գրագետ հասարակությունը բարիք է ինչպես սեփական պետության, այնպես էլ աշխարհի համար: «Մեր նպատակներից է նաև իրավագիտակից հասարակության ձևավորմանը նպաստելը, որը, պարզ է՝ հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում: Բայց մենք ուզում ենք հստակ նշել, որ ժողովրդավարական իրավագիտակցությունը հայ ժողովրդին բնավ խորթ բան չէ, դա հայ ժողովրդի քաղաքակրթական-մշակութային արքետիպի մեջ է: Պարզապես պետք է հասկանալ դրա ակունքները և տեսականորեն իմաստավորել այն»,-ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցը սկսել է մասշտաբային ծրագիր, որի նպատակն է նաև միավորել տարբեր գիտական և համալսարանական հաստատություններում աշխատող մեր առաջատար գիտնականներին:  

Հիմնադիրները նաև հավելեցին, որ դպրոցի առաջին հոսքն արդեն ավարտել է դասընթացները, որն իրենք կարող են գնահատել արդյունավետ՝ մշակված ծրագրի և դրա շրջանակներում դպրոցի ուսումնառողների ստացած գիտելիքների համատեքստում:

«Այժմ մեկնարկել է երկրորդ հոսքի ընդունելությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը: Երկրորդ հոսքի ծրագիրը թարմացվել է. ավելացվել են նոր թեմաներ և դպրոցի ծրագրին համապատասխան՝ հրավիրվել են նոր բանախոսներ, որոնք, մեր կարծիքով, առաջադրված խնդրակարգերի լավագույն մասնագետ-գիտնականներն են»:

Դպրոցի ծրագիրը, բանախոսների տվյալները և ընդունելության պայմանները տեղադրված են դպրոցի ֆեյսբուքյան էջում: