«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանըշնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ հայ ժողովուրդ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի անկախության փառահեղ տոնի կապակցությամբ:

Անկախություն, որը դարեր ի վեր մեր ազգի երազանքն է եղել, անկախություն, որը մեզ տրվեց արյան գնով: 26 տարի առաջ, կատարելով պատմական ընտրություն, մենք ողջ ազգով որոշել ենք, որ պետք է ապրենք ազատ, անկախ և ժողովրդավարական պետությունում: 26 տարիների ընթացքում մեր երկիրը ենթարկվել և շարունակում է ենթարկվել բազմաթիվ փորձությունների, որոնք, անխոս, խարխլում են մեր անկախությունը, սակայն ամեն անգամ, վտանգի ժամին մենք կարողանում ենք մի բռունցք դառնալ և հաղթահարել դժվարությունները՝ մնալով կայուն և անխախտ:

Եվ հենց այդ միասնությունն է, որ այս դժվար տարիներին պահպանում է մեր անկախությունը: Մենք ազատ ենք և անկախ՝ հենց միասնության շնորհիվ: Անկախ սոցիալական և այլ դժվարություններից՝ Հայաստանն այսօր ունի ամենակարևորը. մենք ունենք այն, ինչ երազում են բոլոր ժողովուրդները՝ դրոշ, զինանշան, հիմն ու Սահմանադրություն, և մեր խնդիրը մեր խորհրդանիշները սրբորեն պահպանելն է:

Այսօր հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հայոց բանակի զինվորներին և նրանց ընտանիքների անդամներին: Նրանց շնորհիվ պահպանվում է այս մի բուռ հողն ու արդեն նոսրացած քաղաքացիների անվտանգությունը:

Խոնարհումս՝ զոհված զինծառայողների ծնողներին: Մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում՝ առաջին հերթին մեր քաջարի տղաների շնորհիվ:

Այս օրը մեր պատմության ոսկե էջն է և այս էջը եբեք չպետք է խամրի: Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ և հավատացնում, որ մենք ապրելու ենք ավելի հզոր ու ավելի կայուն երկրում: