«Դեկանատի անկազմակերպ աշխատանքի պատճառով երեխայիս հեռացրել են համալսարանից»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողի մայրը՝ Համասփյուռ Ավագյանը:

ԵՊՀ տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի ֆինանսներ բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի արդեն նախկին ուսանող Անուշ Սարգսի Տեր-Մեսրոպյանի մոր խնդրանքն է՝ երկրորդ հնարավորություն տալ աղջկան՝ մասնակցելու քննությանը, քանի որ նրան նախապես չեն զգուշացրել քննության օրվա մասին:

«Նախկինում բոլոր քննությունները հանձնում էր մեկ-երկու օրում: Աղջիկս սովորելուն զուգահեռ նաև աշխատում է բանկում, եղել է, որ բացակայել է ուրբաթ օրերին, բայց ինքը բոլոր քննությունները միշտ հանձնել է: Այս կիսամյակին աղջկաս դեկանատից տեղյակ չեն պահել քննության օրերի մասին՝ այն դեպքում, երբ նա բազմիցս զանգահարել է՝ հետաքրքրվելու քննության օրերի մասին. նրան մշտապես ասել են՝ երկու օրից զանգիր»,- զայրացած ասաց Համասփյուռը: 

Ծնողը պատմեց՝ Անուշը շաբաթ օրը մագիստրոսական թեզի ղեկավար ընտրելու նպատակով գնացել է համալսարան, բայց նրան չեն էլ զգուշացրել, որ իրեն նախորդ օրն արդեն  հեռացրել են համալսարանից: Այդ մասին ուսանողուհին իմացել է միայն այն ժամանակ, երբ զանգել է ճշտելու՝ երբ է լինելու հաջորդ քննությունը, և պարզվել է, որ նախ բոլոր քննությունները եղել են մեկ օրում, հետո էլ՝ որ ինքը հեռացված է համալսարանից. «Դեկանատից պնդում են, որ sms և էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացրել են, սակայն նման բան չի եղել և մենք կարող են ապացուցել, որ որևէ կերպ չեն տեղեկացրել քննությունների օրվա մասին: Կուրսի ավագին դեկանատից քննության մասին տեղեկացրել են քննության նախորդ օրը երեկոյան, իսկ նա չի հասցրել զանգահարել բոլորին: Դեկանատից նույնիսկ հեռացման նախազգուշացում չենք ստացել, չնայած՝ բազմիցս աղջիկս զանգահարել է: Ցածր կրեդիտներ ունի, քանի որ աշխատում է և երբեմն ներկա չի գտնվել դասերին: Նա 4 տարի  բարձր առաջադիմությամբ սովորել է նույն ֆակուլտետի բակալավրիատում, անվճար հիմունքներով»:

Համասփյուռ Ավագյանը նշեց՝ ԵՊՀ ռեկտորին դիմում է գրել՝ խնդրելով թույլ տալ, որ երեխան կարողանա մասնակցել լուծարքի երկրորդ փուլին, սակայն տեղեկացրել են,  որ ռեկտորը հեռացման մասին իր որոշումը թողել է անփոփոխ: Նրանք դիմում են գրել նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին. «Ես դիմել եմ ԿԳ նախարարին, խնդրելով երեխայիս հնարավորություն տալ մասնակցելու շաբաթ օրվա քննությանը: Երեք ուսանող երեխա ունեմ տարբեր ԲՈՒՀ-երում, մեծ դժվարությամբ եմ մուծում նրանց ուսման վարձերը, որ մասնագետ դառնան: Ես թույլ չեմ տա, որ դեկանատի անկազմակերպ աշխատանքի հետևանքով անտեղի տուժի իմ սովորող երեխան»:

Ծնողին զայրացրել էր հատկապես դեկանատի աշխատակիցների վերաբերմունքը. «Տեսնենք՝ ինչպես են ինձ հետ խոսում, ես չգիտեմ՝ որտեղից են հավաքել նրանց: Այնպես էին բղավում, կարծես շուկայում լինեին»:

Անուշը մեզ հետ զրույցում նշեց, որ անգամ ԵՊՀ-ի ուսանողների էլեկտրոնային փոստով իրեն հաղորդագրություն չեն ուղարկել. «Ինչի՞ համար է այդ համակարգը, ինչի համար են բացել, մեզ էլ զգուշացրել, որ ուշադիր լինենք, եթե չեն ծառայեցնելու նպատակին: Ես անընդհատ ստուգել եմ. ոչ մի հաղորդագրություն չի եկել: Ասում եմ՝ ինչո՞ւ չեք ուղարկել այդ էլեկտրոնային հասցեին, ասում են՝ ինչպե՞ս կարող ենք այդքան ուսանողի ուղարկել»,-ընդգծեց նախկին ուսանողուհին:

Նշենք, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ ԵՊՀ-ի 40-ից ավելի 3-րդ կուրսի ուսանող դուրս է մնացել համալսարանից՝ առանց նախապես ծանուցման։ Ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշել էր՝ «հեռացնում ենք չսովորող ուսանողներին»: 

Սակայն սա ռեկտորի՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու թերևս առաջին դեպքը չէ. տարիներ առաջ կայքերում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Արամ Սիմոնյանը ռեկտոր աշխատելու տարիներին «մեծ հարստություն է դիզել»:

Իսկ ահա օրեր առաջ՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ԱՄՆ-ում ապրող հայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանն, անդրադառնալով ԵՊՀ ռեկտորին, պատմել է. «Քծնանք ասի, չեմ կարող չնշել․ նախագահը եկել է համալսարան, բոլորը ձեռք մեկնած բարևում են, համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ամբողջ իր մարմնի լեզվով մի քծնողություն է արտահայտում, որ 20 հազար կմ հեռվից ասացի՝ սա ի՞նչ երիտասարդություն դաստիարակող անձնավորություն է։ Բայց մարդը կարողացավ 2 օր հետո վերահաստատվել իր պաշտոնին և պատգամ ուղարկեց ամբողջ ուսանողությանը՝ առա՞ջ եք ուզում գնալ՝ ոչ թե պետք է լավ սովորեք, այլ պետք է լավ քծնեք»։ 

Սոնա Հարությունյան