Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին լրագրողները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի տարածքների վերադարձման մասին, որի հետ կապված հայտարարություն արեց նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում: Հիշեցնենք՝  իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԳՆ Նալբանդյանը, ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարրերը, հայտարարել էր Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին: Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ զինվորական ղեկավարությունը բանակցություններ չի վարում, դրանով զբաղվում են քաղաքական իշխանությունները: Հարցին՝ այսինքն, բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Բանակը կատարելու է այն, ինչ կորոշի քաղաքական իշխանությունը»: Հարցին՝ չկա՞ն տարածքներ, որոնք անվտանգությանը չեն սպառնա եւ կարող ենք տալ՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ավելին ասեմ՝ մեզ ավելի շատ տարածքներ են պետք, որ կերաշխավորեն մեր հանրապետության անվտանգությունը»: Ակնհայտ է, որ այս հայտարարությամբ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը ոչ միայն հակադարձում է Է.Նալբանդյանին, այլ հղում անելով քաղաքական իշխանությանը, այդ նույն իշխանություններին տեղյակ է պահում բանակի տրամադրություններին: Զինված ուժերում շատ լավ հասկանում են, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարություններն անպատասխան թողնելը կարող է կրկին անգամ մարդկային զոհերի գնով փոխհատուցվել: Մովսես Հակոբյանի արձագանքը որոշակիորեն վկայում է այն մասին, որ զինուժը դաս քաղել է նախորդ անհաջող մոտեցումից եւ չի պատրաստվում լռության մատնել դիվանագիտության վրիպումներն ու բացթողումները՝ հետո դրանք պատերազմի դաշտում ուղղելու անհրաժեշտության առաջ չկանգնելու համար:

Մյուս կողմից՝ անչափ ուշագրավ է Մովսես Հակոբյանի հայտարարությունը, թե մեզ հավելյալ տարածքներ են պետք։ Եթե նման բան հայտարարեր որևէ քաղաքական գործիչ՝ ամեն ինչ նորմալ կլիներ, բայց Մովսես Հակոբյանը երևի կարող էր գլխի ընկնել, որ ինքը Հայաստանի՛ Զինված ուժերի շտաբի պետն է, իսկ անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ «հավելյալ տարածքները» Ղարաբաղին են պետք։ Առավել ևս, որ պաշտոնապես հակամարտությունը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է, իսկ Հայաստանն ընդամենը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, Հայաստանն իր բոլոր կարողություններով օգնության կհասնի, իսկ եթե դրա արդյունքում Ադրբեջանը նոր տարածքներ կորցնի՝ կներեք, բայց այդ հարցով արդեն ԼՂՀ իշխանություններին դիմեք։ Եթե սա է ՀՀ նոր պաշտոնական դիրքորոշումը, ապա այն պարզաբանման կարիք ունի: ի դեպ, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոստացել է այս հարցին անդրադառնալ հատուկ ասուլիսում: Ինչպես ասում են՝ սպասենք:

 

Ստելլա Խաչատրյան