Սեւանի քաղաքապետարանը 2017 թվականի գնումների փոփոխված պլան է ներկայացրել: Դրանից պարզ է դառնում, որ  Սեւանի քաղաքապետարանն այնքան մանրակրկիտ է ծրագրում իր ապագա գործունեությունը, որ հաջողել են պլանավորել նաեւ հուղարկավորությունները: Սակայն գնումների ցանկը միայն տխուր առիթների համար չէ: Մասնավորապես՝ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու համար կառույցը նախատեսում է 250 հազար դրամ ծախսել: 20 կգ շոկոլադ էլ կգնեն, որի 1 կգ–ն արժե 5000 դրամ: Ընդհանուր առմամբ, շոկոլադ գնելու համար կառույցը 100 հազար դրամ կծախսի: 5 տարվա հնեցման կոնյակներ գնելու համար կծախսվի 2 88 000 ՀՀ դրամ: 10 տարվա հնեցման կոնյակներ էլ են գնելու, որոնց համար կծախսվի 1 25 000 ՀՀ դրամ: Ընդհանուր հաշվով՝ կոնյակների վրա քաղաքապետարանը 5 07 900 ՀՀ դրամ կծախսի:

Սեւանի քաղաքապետը Սարգիս Մուրադյանն է, ով ուղիղ մեկ տարի առաջ է ընտրվել, և ինչպես երևում է՝ անչափ մեծ էնտուզիազմով է վերաբերվում քաղաքի կառավարմանը և խնդիրների լուծմանը: Կասկածից վեր է, որ 5 տարվա հնեցման կոնյակը և 20 կգ շոկոլադը կնպաստեն քաղաքապետարանի կողմից՝ քաղաքի խնդիրների լուծման առավել օպտիմալ ընթացակարգերի մշակմանը: Դե, իսկ ծաղիկներն էլ կապահովեն համապատասխան դրական աուրան, ինչի կարիքը զգացվում է ՀՀ ցանկացած պետական հիմնարկում: Պսակի կարիք էլ ՝ աստված տա՝ չլինի. վարչապետ Կարեն Կարապետյանն իր մարզային այցելությունների ընթացքում բազմիցս հորդորել է մարզպետներին, քաղաքապետներին, համայնքապետներին՝ օպտիմալ ծախսել յուրաքանչյուր լուման, այն պարզ պատճառով, որ փող չկա: Ստացվում է՝ Սարգիս Մուրադյանի ախորժակը վեր է երկրի վարչապետի տված հանձնարարականներից: Երբ վարչապետը համայնքների ղեկավարներից կրեատիվ աշխատելաոճ էր պահանջում, մտքներովս չէր անցել, որ նա ի նկատի ուներ քաղաքապետարանը թաղման բյուրոյի, կամ ուտել-խմելու օբյեկտի վերածելը…

 

Ստելլա Խաչատրյան