Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համատեղ ծրագրեր են նախանշել' գյուղատնտեսության ոլորտները զարգացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը:

Մեջ բերելով' Պարենի համաշխարհային օրվա «Փոխենք միգրացիայի ապագան: Ներդրումներ կատարենք պարենի անվտանգության եւ գյուղի զարգացման ոլորտներում» կարգախոսը՝ նա նշեց, որ միգրացիան պատմականորեն կատարում է դրական դեր տնտեսության մեջ, քանի որ սեզոնային աշխատանքները նպաստում են տնտեսության զարգացմանը: «Մեզ համար շատ կարեւոր է, եւ մենք պետք է հասկանանք, որ առանց այն մարդկանց, ովքեր աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, մեզ դժվար կլինի ապահովել գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, որն անհրաժեշտ է»,-ասաց Ռախմանինը: Դրա համար, ըստ բանախոսի, ՊԳԿ-ն առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն, եւ ավելանան ֆերմերների եկամուտները, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն լքել իրենց բնակության վայրերը: «Միգրացիան պետք է լինի ընտրություն, այլ ոչ անհրաժեշտություն»,-հավելեց բանախոսը:

Ամեն տարի հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Պարենի համաշխարհային օր, որը հիմնվել է 1979 թվականին, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի ժամանակ: Օրվա գլխավոր նպատակն աշխարհում գոյություն ունեցող պարենային խնդրի շուրջ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է: