Հոկտեմբերի 9-ին տեղեկություն ստացվեց, որ օրը ցերեկով թալանել են «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղը: Դեպքից 7 օր անց ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Սակայն իրականում կարծես թե գողության դեպքը բացահայտված չէ, քանի որ չկա ամենակարեւորը` գողոնը:

Կառավարիչը չկա

«Ժողովուրդ»-ը փորձեց բանկից բացատություն ստանալ, թե արդյո՞ք Պյոտ Ցիգանկովն է եղել այն անձը, որը մուտք է գործել բանկ: Սակայն բանկի ժամանակավոր կառավարիչը մեզ դուրս հրավիրեց բանկից` հրաժարվելով պատասխանել հարցերին: Բանկի այս մոտեցումը, համաձայնեք, խիստ կասկածների տեղիք է տալիս, քանի որ բանկը այս դեպքում պետք է ավելի շահագրգռվածություն ցուցաբերեր՝ գործի քննության հետեւողականության հարցում, սակայն նրանք կոծկում են ամեն ինչ: Եվ ամենագլխավորը՝ դեռեւս աշխատանքին չի վերադարձել բանկի այն կառավարիչը, որի հետ պայմանավորված բանկ էին մտել եւ տարել 200 հազար դոլարը: 

Սերժ Սարգսյանի ելույթը մնաց անհետեւանք

Դեռեւս հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը, քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին անդրադառնալով քննիչների եւ ոստիկանության համագործակցությանը, ասել էր.

«Ոստիկանության հետ ակտիվ համագործակցության հիմնական թիրախներից մեկն էլ հետախուզվող անձանց հայտնաբերումն է, ինչը հանցավորության դեմ պայքարում դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սեւեռել, ընդ որում, երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Ես կարող եմ տասնյակ այդպիսի օրինակներ բերել՝ շատ լավ հասկանալով այն, ինչ քննչական կոմիտեի նախագահն ասաց ցուցանիշների ամփոփման տեսանկյունից: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում. հանրապետությունից դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետեւ դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձեւը դրանց բացահայտումն է ամբողջությամբ»:

Ըստ էության, այս ելույթը որեւէ բան չի փոխել իրավապահ համակարգում, քանի որ դեռեւս գողոնը չհայտնաբերած՝ ՀՀ ոստիկանությունը երեկ շտապեց հայտարարել, թե դեպքը բացահայտվել է:

Քննչականն էլ հետ չմնալու համար առանց անունների ինչ-որ բան ասաց: Իսկ գործը դեռ իրականում բացահայտված չէ ամբողջությամբ, ինչի մասին ակնարկում էր Ս. Սարգսյանը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում։