Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում մեկնարկել են 2018 թվականի բյուջեի քննարկումները: ԿԲ նախագահ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձավ Հայաստանում մեկնարկած թանկացումներին. «12 ամսվա կտրվածքով, գնաճը կազմում է 1.7 տոկոս, մինչև տարեվերջ այն կհասնի 2.5 տոկոսի: Նախորդ տարի մենք դեֆլյացիայով ենք ավարտել, բայց այս երկու-երեք տարվա ընթացքում մենք որևէ վտանգավոր չափի գնաճ չենք ունեցել։ 2 տոկոսը նորմալ գնաճ է», -ասաց Ջավադյանը: 

Ջավադյանը չհամաձայնեց դիտարկման հետ, որ առաջին օգտագործման մի շարք ապրանքներ թանկացել են՝ պնդելով, որ փոխարենը կան ապրանքատեսակներ, որոնք կտրականապես էժանացել են, օրինակ` միրգը, բանջարեղենը, վառելիքը. «Կարագն ու միսն են որոշակիորեն թանկացել»,- ասաց Ջավադյանը՝ հավելելով, որ ընդհանուր գնաճային երևույթ այսօր չկա։ Սպառումը գնալով ավելանում է, որովհետև նախ աշխատավարձերի էֆեկտիվ կրճատում չունենք, հակառակը՝ էֆեկտիվ աշխատավարձի չափն ավելանում է»,- ասաց ԿԲ նախագահը։

Հարցին՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարած 4 տոկոսանոց գնաճն արդյոք խնդիր չի առաջացնի՝ հաշվի առնելով, որ, դրան զուգահեռ, աշխատավարձերը չեն բարձրանում, Ջավադյանը պատասխանեց. «Մենք որոշակի խնդիրներ ենք ունենում տնտեսական աճի հետ։ Մենք անսպառ կարող ենք կրճատել տոկոսադրույքներն ու ունենալ դեֆլյացիա, բայց այդ ժամանակ չենք ունենա տնտեսական աճ, այդ ժամանակ կսկսեն փակվել աշխատատեղեր, ներդրումներ ՀՀ-ում չեն լինի»։