Խորհրդարանում շարունակվող 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այսօր քննարկում ծավալվեց նաև Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը հանդիսացող մենաշնորհների թեմայի շուրջ, մասնավորապես, անդրադարձ կատարվեց բենզինի ներկրման և վաճառքի ոլորտում առկա գերիշխող դիրք ունեցող խաղացողներին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ցանկությունն այն է, որ խաղի կանոնները բոլորի համար նույնը լինեն եւ ըստ նախարարի՝ իրենք ջանում են, անկախ նրանից՝ տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք կունենա, թե ոչ, պետք է հարկեր վճարի: Իրականում, առողջ տնտեսական համակարգում հենց այդպես էլ պետք է լիներ, սակայն մեր իրականությունը հեռու է նախարար Արամյանի ցանկությունից: Այդ ցանկությունը վրդովվեցրեց նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, ով նկատեց, որ ինքը խոսում է մենաշնորհների մասին, ոչ թե գերիշխող դիրք ունեցողների, եւ, ընդ որում՝ խոսում է կոնկրետ օրինակներով. «Վառելիքի ոլորտում կա երեք ընկերություն` CPS 60 տոկոս, «Ֆլեշ»` 34, «Մաքս պետռոյլ»` 6, այսքան նստածներից մեկը տեսել ա, որ մարդիկ մրցակցեն եւ գների իջեցում չլինի շուկայում: Ես 400 եմ ծախում, մյուսը չպիտի՞ դնի 399… մեզ ձեռ ե՞ք առնում, պարոն նախարար»:
 
Այն հարցը, թե ինչու են Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շատ թանկ, և ինչու են դրանք, օրինակ՝ հարևան Վրաստանում գրեթե կրկնակի էժան, ունի շատ հստակ պատասխան՝ պատճառը մենաշնորհն է։ Պարզ է, որ Վրաստան–Հայաստան սահմանին հեղուկ վառելիքի վրա ավելանում է ակցիզային հարկը, գումարվում է տրանսպորտային ծախսը դեպի վառելիքի մեծածախ բազա, իսկ այնտեղից էլ՝ լցակայաններ, բայց, միևնույն է, այդ հավելյալ գումարներն այնքան չեն, որ մեզ մոտ ու Վրաստանում այդքան մեծ լիներ գների տարբերությունը։
 
Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ միշտ հակառակն է եղել։ Նրանք, ովքեր եղել են Վրաստանում, կհիշեն, որ մինչև մեկ–երկու տարի առաջ Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը թեև Վրաստանով էին բերվում, բայց այնտեղ դրանք ավելի թանկ էին լցակայաններում, քան մեզ մոտ։ Պատճառը Վրաստանում առկա խաղի կանոններն էին ու մեզանում տիրող սուր մրցակցությունն առնվազն չորս խոշոր ներկրողների միջև։ Հիմա պատկերը փոխվել է։ Ֆլեշի Բարսեղ, կամ՝ Բարսեղ Բեգլարյան, ահա այս անձի տնտեսական շահերի հետ են կապված Հանրապետությունում բենզինի գների չհիմնավորված բարձրացումները: Անձամբ Բեգլարյանը մի քանի անգամ կանխարգելիչ գործողություններով արգելափակել է իրանական ձեռնտու առաջարկները, որոնցով նախատեսվում էր Հայաստան մատակարարել բենզին, որի արժեքը պետք է լիներ 100-110 դրամ՝ մեկ լիտրը: Մի շարք ներկրողներ նույնպես գերիշխող դիրք ունեն այս շուկայում: Դրանց թվում են ինչպես հայտնի ֆիրմաներ, այնպես էլ պաշտոնյաներ՝ «Ran oil», (սեփականատերը հայտնի է «Բենզին Ռուբո» անունով), «Max Fuel» (Հարություն Փամբուկյան), Վահագն Մկրտչյան (առողջապահության նախարար Լեւոն Մկրտչյանի եղբայրը), որը նույնպես բանակի համար փոքր քանակությամբ դիզվառելիք է ներկրում: Ավելի փոքր քվոտաներով վառելիք ներկրելը տնտեսապես ձեռնտու չէ՝ ինչպես գնի, այնպես էլ ճանապարհածախսի բարձր լինելու պատճառով:
 
Հայաստանում վերջին շրջանում բենզինը թանկացել է միաժամանակ բոլոր բենզալցակայաններում: Իսկ դա նշանակում է, որ բենզինի շուկայում առկա է մենաշնորհ: Չնայած մի քանի տնտեսվարողներ են բենզին ներկրում, ինչպես մեզ համոզում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, բայց ստացվում է, որ իբր «մրցակցային» այդ շուկայում բոլոր տնտեսվարողները մի օր արթնանում են ու իրարից անկախ՝ որոշում բենզինը նույն ժամին նույն չափով թանկացնել: Այս օրերին բենզինի շուկայում ոչինչ չի փոխվել` ոչ նոր հարկ է սահմանվել, ոչ ծավալների կտրուկ փոփոխություն է եղել: Ավելին՝ Ռուսաստանում, որտեղից ներկրվում է բենզինը, նույնիսկ 1,5 տոկոսով այն էժանացել է, իսկ մեզ մոտ մեկ օրվա մեջ թանկացել է 2,7 տոկոսով:
 
Քանի որ պետությունն այդ շուկայում անհրաժեշտ կարգավորման դաշտ եւ խաղի կանոններ չի սահմանել, բիզնեսը սահմանում է իր կանոնները, որոնք կարող են որոշակի հակասության մեջ մտնել հասարակության շահերի հետ, ինչը բնականոն երեւույթ է: Հետեւաբար, այստեղ կարեւոր դերը ոչ այնքան շուկայական մեխանիզմների չգործելն է, այլ պետության՝ որպես ֆորմալ ինստիտուտի տապալումը:
 
 
Ստելլա Խաչատրյան