Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մուկուչյանն ընդգծեց, որ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Հայաստանի 49 համայնքներում, որոնցից երեքում ընտրություններն արտահերթ են:

«Ընտրությունների արդյունքում կձևավորվի 34 խոշորացված համայնք: Կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու է առաջադրվել, կան համայնքներ, որտեղ թեկնածուների թիվը բավականին շատ է: Նույնիսկ կան համայնքներ, որտեղ 3-ից ավել թեկնածուներ են մասնակցում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ համայնքներում կլինի ակտիվություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Մուկուչյանը նկատեց, որ այս անգամ բավականին շատ են ավագանու անդամի համար առաջադրվածները: «Մոտ 900 մարդ առաջադրվել է ավագանու անդամի համար: Նրանցից յուրաքանչյուրը, բնական է, ունի իր ընտրազանգվածը, ուստի կարող ենք ենթադրել, որ համայնքների մեծ մասում ընտրությունների օրն ակտիվություն կլինի»,- ասաց Մուկուչյանը:

ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 11 տեղական դիտորդական կազմակերպություն: Ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքը կդիտարկի մոտ 1000 դիտորդ:

Տիգրան Մուկուչյանը նաև հայտնեց, որ համայնքի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու որևէ դեպք չի եղել: «Եղել են դեպքեր, երբ առաջադրման փաստաթղթեր են ներկայացվել, սակայն հետո հենց դիմողի կողմից հետ են վերցվել, սակայն թեկնածուի գրանցումը մերժելու դեպք չենք ունեցել»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներն արդեն ձևավորված են ամբողջ կազմերով, առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել: ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրումներում գերակշռում են ինքնաառաջադրումները, ամենաշատ թեկնածուներ առաջադրել է ՀՀԿ-ն, այնուհետև ԲՀԿ-ն: Կան թեկնածուներ, ովքեր առաջադրվել են ՀՅԴ-ի կողմից, իսկ մյուս կուսակցությունները պասիվ են եղել: