Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքին, թե այնպես չէ, որ ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ կենսաթոշակ և աշխատավարձ չեն բարձրացրել՝ նկատեց, որ բազմաթիվ երկրներ կան, որոնք տարիների ընթացքում մինիմալ կենսաթոշակը կամ աշխատավարձը չեն բարձրացնում, սակայն դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում: 

Նշենք՝ թեև Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելիս հայտարարել էր, որ երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, սակայն հիմա՝ 1 տարի անց, իրավիճակը որակել էր հեռանկարային ու կառավարելի։

«Պետությունը պարտավոր է նվազագույն պայմաններ ապահովել հատկապես բնակչության խոցելի խավերի համար: Կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի մասով՝ պիտի ասեմ, որ դեռևս չի հաջողվում ապահովել կենսաապահովման զամբյուղի նվազագույն սահմանը: Այդ առումով անելիքներ շատ կան, ուզում եմ ենթադրել, որ վարչապետը մտահոգված է այդ հարցերով, սակայն ստեղծված պայմաններում սահմանափակ միջոցները թույլ չեն տալիս գնալ դեպի շոշափելի ավելացման»,- նկատեց Մանասերյանը: 

Տնտեսագետի խոսքով՝ մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել՝ չնկատել, չլսել, խորհուրդներն անտեսել. «Հայության մտավոր կարողությունն օգտագործում են ղազախները, ռուսները, բոլորը՝ բացի ՀՀ կառավարությունից, իսկ մենք մեր ներուժը չենք կարողանում օգտագործել»,- ասաց նա:

«Հայաստանի պես կոմպակտ տնտեսություն ունեցող երկրում տեսանելի է նաև մի հանգամանք, որ բնակչության առանձին խմբերի դիրքերը կարող են բարելավված լինել: Մասնավորապես՝ հարուստները կարող են ավելի հարստանալ, կարծում եմ՝ չպետք է բացառել նաև հակառակը, որ աղքատներն ավելի են աղքատանում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կա բնակչության զանգված, ովքեր լրացուցիչ եկամտի աղբյուրներ չունեն գոյատևման համար: 

Անդրադառնալով 2018թ. բյուջեին՝ տնտեսագետը նշեց. «2018-ի բյուջեն, եղած պայմաններում, առկա հնարավորությունների բյուջե է, դրանից ավել՝ այս պահին սպասել չի կարելի: Միակ ցուցանիշը, որը պետք է գերազանցել՝ 4,5 տոկոս նախանշված տնտեսական աճն է: Եթե կառավարման համակարգն ավելի արդյունավետ գործի կադրային քաղաքականության մասով, եթե մենք ճիշտ մարդիկ ունենաք ճիշտ տեղերում՝ մեզ կհաջողվի երկնիշ ցուցանիշ ունենալ՝ առայժմ ոչ թե տնտեսական աճի, այլ վերականգնողական աճի»,- հավելեց Մանասերյանը: