Օրեր առաջ աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ահազանգում էր՝ կոչ անելով Հայաստանի բնակիչներին՝ հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից, քանի որ այն վնասակար է առողջության համար և ահավոր համ ունի:

ԼՈւՐԵՐ.com-ը մասնագիտական կարծիք ստանալու համար զրուցեց ՍԱՊԾ նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի հետ:

Վերջինս նշեց, որ «Մոնսանտո» ընկերությունը հանդիսանում է գյուղատնտեսության ոլորտի համաշխարհային մեծագույն կազմակերպություններից մեկը: Արտադրում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, այսինքն՝ ԳՁՕ-ներ (ГМО), կենսատեխնոլոգիաների ոլորտում առաջինը լինելով, ընկերությունը դարձել է ոլորտում համաշխարհային մեծագույն կազմակերպություններից մեկը:

Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել էր Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին ուղղված բիզնես համաժողով, որի նպատակն էր գործարար կապեր ստեղծել այդ ոլորտում ներկայացված հայկական և ամերիկյան Valmont, Monsanto ընկերությունների միջև: Անդրադառնալով համաժողովին, Ավետիսյանը նշեց՝ դատելով ընկերության ներկայացուցիչների հայտարություններից՝ որոշել են Հայաստանի շուկա մտնել, բայց այստեղ որոշել են աճեցնել ոչ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, և սա նշանակում է, որ ունեն նաև նորմալ օրգանիզմներ, առանց ձևափոխումների:

Նրա խոսքով՝ գիտականորեն որևէ ապացույց չկա, որ գենետիկորեն վերափոխված օրագանիզմները մարդու օրգանիզմի համար վնասակար են. «Վնասակարությունը կարող է պայմանավորվել որևէ կոմպոնենտի նկատմամբ ալերգիայով: Այսինքն՝ ալերգիկ մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել գենետիկորեն վերափոխված օրգանիզմներ: 

Սակայն, պետք է նշել, որ հետազոտման կարիք ունի և ասում են, որ էկոլոգիայի և գյուղատնտեսության տեսանկյունից կարող են շատ վնասակար լինել: Կարծում եմ՝ էկոլոգիայի և գյուղատնտեսության առումով էլ մեզ մոտ խնդիր չի առաջանա, եթե հավատանք նրանց խոսքերին թե գենետիկորեն վերափոխված օրգանիզմներ չեն աճեցնելու»,- նշեց նա: 

Սերժ Թանկյանի մտահոգությունը, սակայն, Ավետիսյանը բնական է համարում՝ նշելով, որ ամերիկյան բանջարեղենները, մրգերը չէին էլ կարող նույն համն ունենալ, ինչ հայկականը. «Թանկյանի մտահոգությունը համի մեջ է կայանում: Սակայն համը դժվար թե պայմանավորված լինի ընկերությունով, որովհետև սննդամթերքի համը պայմանավորված է արևով ու ջրով, ինչպես նաև մտահոգություն կա տվյալ կազմակերպության կողմից արտադրվող հերբիցիդների վերաբերյալ; Եթե մտահոգությունները համապատասխանում են իրականությանը, պետք է արգելել այդ հերբիցիդների ներկրումն ու օգտագործումը»

Ավետիսյանը նշեց՝ եթե լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ի վերջո որոշի աշխատել այդ ընկերության հետ, ապա պարտավոր են ստուգելվ տվյալ ընկերության կողմից ներկրվող սերմերը, ԳՁՕ-ի առկայությունը արձանագրելու դեպքում արգելել ներմուծումը:

Նշենք, որ ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել Հայաստանում «Մոնսանտո» հայտնի ընկերության  կողմից հնարավոր ներդրում կատարելու մասին տարածված տեղեկությունների կապակցությամբ՝ նշելով, որ վերջինիս արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։

«Չնայած ագրոբիզնեսի ոլորտի հայկական և ամերիկյան ընկերությունների հանդիպման այս հարթակն ապահովվել էր ԱՄՆ դեսպանատան կողմից, սակայն ամերիկյան ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները և ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ

Սոնա Հարությունյան