Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային թիմի հետ: Մրցավեճ, որի նկատմամբ հետաքրքրությունը, մեղմ ասած, փոքր է: Եվ պատճառը միայն մեր հավաքականի «փայլուն» ելույթները չեն, այլ նաև այն վերաբերմունքը, որը ցուցաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ֆուտբոլի և երկրպագուների հանդեպ: Մի քանի օր է արդեն, ինչ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է հանդիպումը բոյկոտելու կոչը: Կարելի է իհարկե ենթադրել, որ երկրպագուների համբերությունը վերջացել է և այս քայլով իրենց օբյեկտիվ դժգոհությունն են արտահայտում, բայց մյուս կողմից էլ՝ բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Նախևառաջ՝ ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների տոմսերը Ֆուտբոլի ֆեդերացիան վաճառում է 4-10 հազար դրամով, ընկերական խաղերի տոմսերի գինը, ըստ տրամաբանության, պետք է որ ցածր լիներ: Եթե սրան գումարենք բազմիցս հնչած դժգոհությունները, որ տոմսերը շարքային քաղաքացու գրպանով չեն, կարելի էր ենթադրել, որ ՀՖՖ-ն որոշ քայլերի կդիմի՝ մարզադաշտում հավաքականին պատշաճ աջակցություն ապահովելու ուղղությամբ: Բայց կարծես թե ՀՖՖ-ին այս հարցն առանձնապես չի հուզել: Ավելին, չի հուզել նաև այն, որ խաղը նշանակված է 18:00-ին: Մինչդեռ՝ աշխատանքային օր է, և նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում՝ երկրպագուները հնարավորություն չեն ունենա ժամանակին հասնել «Հանրապետական» մարզադաշտ:
 
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան-Բելառուս խաղի բոյկոտն ամենաշատը ձեռնտու է հենց ՀՖՖ-ին, մասնավորապես, դրա հավերժ առաջնորդ Ռուբեն Հայրապետյանին: Առկա իրավիճակում՝ Ռուբեն Հայրապետյանին ամենևին ձեռնտու չէ, որ «Հանրապետական» մարզադաշտը մարդաշատ լինի, և երկրպագուներն արտահայտեն իրենց բողոքը տեղի ունեցող արատավոր երևույթների վերաբերյալ: Այն երևույթների, որոնց դեմ պայքարելու ցանկություն՝ Հայրապետյանի մոտ այդպես էլ չառաջացավ:
 
 
Ստելլա Խաչատրյան