Պակասող բնակչության խնդիրը վաղուց է Հայստանում վերածվել համընդհանուր սպառնալիք ներկայացնող հարցի, ինչն էլ երբեմն-երբեմն պետությանը ստիպում է կայացնել որոշումներ ու անել քայլեր, որոնք, ենթադրելի է, հանգեցնելու են ոչ միայն բնակչության արտահոսքի նվազեմանն, այլև ինչ-որ կերպ նպաստելու են ներհոսքին, քանի որ այսօր խնդիր կա ոչ միայն դադարեցնել արտագաղթն, այլև անել հնարավոր ամենը` հակառակ երևույթը խրախուսելու համար:

Պարզվում է` պաշտպանության նախարարությունը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ նախաձեռնած պատգամավորների հետ ունեցած քննարկումներից հետո որոշել է յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի դիմաց սահմանել 200000 դրամ տուգանք: Նկատենք, որ սահմանված թիվը ավելի քան կիսով չափ պակաս է այն թվից, որն ի սկզբանե պաշտպանության նախարարությունը պլանավորել էր սահամնել. խոսք էր գնում կես միլիոնի մասին:

Հասկանալու համար, սակայն, թե իրականում ինչ կարող է իրական կյանքում այս որոշումը տալ Հայաստանին, նախ հարկավոր է հասկանալ, թե զուտ օբյեկտիվորեն որքանով կարող է մեր երկիրը ներկայումս գրավիչ համարվել երկար տարիներ Հայաստանից բացակայած մարդկանց համար` որ տարիքային խմբի մեջ էլ նրանց ներառենք: Այլ կերպ ասած` կարո՞ղ է, արդյոք, փոխզիջումային համարվող այս որոշումը ինչ-որ հարց լուծել: Ակնհայտ է, որ ոչ, քանի որ այլ երկրներ արտագաղթած ու այնտեղ ինչ-որ կերպ տեղավորված նախկին հայաստանցիները մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող գոնե երկու օբյեկտիվ պատճառ գտնել` կրկին Հայաստան վերադառնալու ու այստեղ հիմնվելու համար. թե՛ սոցիալ-տնտեսական առումով, թե՛ անվտանգության տեսանկյունից մեր երկիրն այսօր քիչ բան ունի մարդկանց առաջարկելու, ինչը նշանակում է, որ սա այն բանաձևը չէ, որի կիրառության դեպքում հնարավոր կլինի ներգաղթի խնդիր լուծել: Միգուցե եթե առհասարակ վերացվեին տուգանքները կամ դրանք կրեին խիստ սիմվոլիկ բնույթ, ինչ-որ տեղ հույս լիներ: Այս պարագայում, սակայն, անխոս է, որ հարցը լուծվելու փոխարեն է՛լ ավելի է բարդանալու ու մտնելու փակուղի. մարդկանց պետք է շահագրգռել, այլ ոչ թե տուգանելով վանել:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ