«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մոբիլիզացնում է Հայաստանն ու Սփյուռքում համահայկական ընդվզման բողոքի խոշոր  ակցիա: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը. «Մենք նոյեմբերի վերջին լինելու ենք Լոս Անջելեսում և քաղաքապետարանի առաջ իրականացնելու ենք բողոքի ակցիա, տեղի ոստիկանները կմեկուսացնեն այն բոլոր սադրիչներին, ովքեր կփորձեն մեր ակցիան տապալել»: 

Փոստաջյանի խոսքով՝ համահայկական այս նոր պայքարը հնարավորություն կտա ազատվել այսօրվա գործող իշխանություններից՝ ինչին էլ միտված է «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեությունը: «Մենք մեր համահայկական ընդվզման սկիզբը դրեցինք Արցախում և այն շարունակական  է լինելու: Մենք պահանջում ենք նաև իշխանափոխություն Արցախում, այնպես որ՝ մեր ընդվզումը տարածվելու է նաւ Արցախում: Արցախը չի կարողանում մասնակել մեր քաղաքական համակարգին: Արցախում նույն մեր իշխանության շարունակությունն է, այնպես որ՝ պետք է ազատվել այդ համակարգից և տեղը նորը դնել»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս պահին երկրում ծավալված ուսանողական շարժումը փորձի առաջնորդել իր ղեկավարած կուսակցությունը, Փոստանջյանը պատասխանեց. «Դա ուսանողների որոշելու գորրծն է, իսկ ինչ վերաբերում է իմ ղեկավարած կուսակցությանը, ապա մենք ողջունում ենք այդ շարժումը: Այո՛, ուսանողների պահանջները պետք է բավարարվեն»:

Փոստանջյանը նաև անդրադարձավ երեկ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հերթական առեւտրի կենտրոնի բացմանը՝ նշելով, որ սա ևս մեկ ապացույց է , որ երկրի իշխանությունը չի գիտակցում երկրի առաջ ծառացած խնդիրները, հակառակ պարագայում՝ պատերազմող երկրի ղեկավարը չէր գնա և մասնակցի հերթական օլիգարխ կրպակատիրոջ կրպակի բացման արարողությանը: