ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը, ով խորհրդարան է անցել Արմավիրի մարզից՝ ռեյտինգային համակարգով, տեղյակ չէ, թե Նորապատ գյուղի վթարային կառույցի հրդեհից հետո ինչ օգնություն է անհրաժեշտ հրդեհից տուժած բնակիչներին: «Ինձ ոչ մեկը չի դիմել, ասենք՝ ես ի՞նչ պետք ա անեի, ժամանակ ա պետք, որ էդ ամեն ինչը հարթվի, ինչքան տեղյակ եմ՝ կառավարությունը, քաղաքապետարանը գումար են տվել»,- լրագրողներին ասաց պատգամավորը:
 
Խորհրդարանը ներկայացուցչական մարմին է և պետք է ամբողջությամբ արտահայտի հանրության, ընտրողի քաղաքական նկատառումները: Բայց մի՞թե հայկական իրականությունն այդպիսին է: Ժամանակին, երբ Հայաստանում քննարկվում էր ընտրազանգվածին՝ իր կողմից ընտրված պատգամավորին հետ կանչելու լիազորություններ տալու հարցը, իշխանությունները լուրջ դիմադրություն ցույց տվեցին: Պատճառները, թերևս, հասկանալի են: Այդ պարագայում ազգի ծառաների սրտացավությունից հիասթափված ՀՀ քաղաքացիների միջամտության արդյունքում ԱԺ-ում անգամ մեկ պատգամավոր չէր մնա:Նահապետ Գևորգյանը միակը չէ, ով անտեղյակ է իր ընտրազանգվածի խնդիրներից: Եթե մի կողմ թողնենք պոպուլիստական մոտեցումները, ժողովրդի դարդով ապրելու սեզոնային «հառաչանքները» ՝ քաղաքացիների առջև հաշվետու լինելու կամ նրանց խնդիրները լուծելու ցանկություն չունեն ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր պատգամավորները: Եթե հասկանան մեկ պարզ բան, որ պատգամավոր դառնալը ծանր աշխատանք է, ոչ թե թեթեւ ժամանց, այդ ժամանակ կարելի է խոսել փոփոխություններից, իսկ այս կազմով՝ նման հեռանկար գոյություն չունի։ Սովորաբար, ժողովրդի ծառաները պիտի ժողովրդին ծառայեն: Եթե մեր «ծառաներին» ծառայող մեծաքանակ թիկնապահները փոխակերպվեն հողի մշակների, իսկ կառավարական շենքերում տեղադրված անվտանգության թանկարժեք տեխնիկան և տրանսպորտային միջոցները փոխանակվեն գյուղին հարկավոր գյուղտեխնիկայով, անշուշտ, հայոց հողն այլևս մշակների կարիք չի զգա: Գուցե նաև նման սրտացավ պատգամավորների կարիք էլ չլինի…
 
Ստելլա Խաչատրյան