Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովներին՝ հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Սակայն Բրյուսելում անակնկալները դեռևս բացառված չեն: Բանն այն է, որ գոնե արտաքուստ՝ Մոսկվան այս անգամ չի խոչընդոտում Հայաստանի և ԵՄ միջև համաձայնագրի ստորագրմանը, սակայն հիմա որոշակի խնդիրներ կան հենց Եվրոպայում, Եվրամիության կառույցներում: Հարցն, իհարկե, չի վերաբերվում համաձայնագրին, որի ստորագրման հարցում Երևանում և Բրյուսելում, կարծես թե, տարաձայնություններ չկան: Սակայն համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, և այս լույսի ներքո առանցքային քաղաքական նշանակություն է ձեռք բերում գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, որտեղ անդրադարձ է լինելու նաև հակամարտություններին, այդ թվում` ԼՂ խնդրին: Երեկ, Արմեն Աշոտյանի միջոցով, ՀՀԿ-ն կարծես հանրությանը հոգեբանորեն նախապատրաստեց հնարավոր ինտրիգներին, միևնույն ժամանակ հասկացնելով, որ գնդակը ԵՄ կիսադաշտում է և ԵՄ-ն պետք է կամք դրսևորի:
 
Էդմոն Մարուքյանի հետ Եվրոպան ոտնատակ տված Արմեն Աշոտյանի եզրափակիչ «գրությունից» ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ոչ միայն արել է ամեն ինչ, որ սույն «բարաթը» ստորագրվի, այլև, որ` որևէ մեկն ամբողջ աշխարհում Հայաստանին չմեղադրի, թե վերջինիս մեղքով չստորագրվեց համաձայնագիրը: Համարձակություն ունենանք ու ասենք` համաձայնագիրը, ըստ ամենայնի, չի ստորագրվի: Չի ստորագրվի հայտնի պատճառով: Հաստատապես կգտնվի մի երկիր, որն իր վետոն կդնի այն պարբերության վրա, ուր նշված կլինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու սկզբունքներն էլ. ստորագրվող փաստաթուղթը պետք է հար և նման լինի նախաստորագրվածին, որտեղ ղարաբաղյան խնդրով, այսպես ասած, հայանպաստ ձևակերպումներ են: Սա է Հայաստանի պահանջը:
 
Ընդ որում, այդ «մի երկիրը» վետո կկիրառի ոչ այնքան Ադրբեջանի «սիրուն աչքերի» և «լվացքատնից» բերած «շորերի» համար, որքան նույն Արևմուտքին ձեռնտու կլինի, որ համաձայնագրի ստորագրումն ու բանակցությունները հետաձգվեն մինչև գարուն. մինչև Հայաստանում Սերժ Սարգսյանը պնդեցնի իր վարչապետական ոտնատեղը: Ի դեպ, Ռուսաստանը ինչ-ինչ ֆորս մաժորների դեպքում խաղի մեջ կմտցնի ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանին, այլ վարչապետի իր մյուս թեկնածուին` Էդվարդ Նալբանդյանին, որի այցն Իսրայել հենց այնպես չէր: Սա` ի միջի այլոց:Ավելին՝ եվրոպական կողմի համար առանցքային հարց չէ փաստաթղթի ստորագրումը «Արևելյան գործընկերության» բրյուսելյան գագաթաժողովի շրջանակում, քանի որ այն մեծ հնչեղություն ձեռք կբերի, որն անցանկալի սցենար է Եվրամիության համար, ինչպես նաև սխալ կդիտարկվի, քանի որ ստորագրվելիք փաստաթուղթը երկկողմանի բնույթ է կրում, ուստի նախընտրելի է համաձայնագրի ստորագրումը գագաթաժողովի շրջանակից դուրս:
 
Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի ստորագրել համապարփակ համաձայնագիրը, դժվար թե գտնվի մեկը ով կքննադատի նախագահի այս քայլը: Դժվար կլինի գտնել նաև նրանց, ովքեր ռուսական գործոն կգտնեն այստեղ: Արդյունքում՝ և՛ ռուսները գոհ կլինեն, և՛ Սերժ Սարգսյանը ջրից չոր դուրս կգա: Քննադատության սլաքները կուղղվեն ԵՄ և Բաքվի վրա, համաձայնագրի տապալումն էլ ամբողջությամբ կհամարվի ԵՄ մեղավորությունը: Արդյունքում քաղաքական դաշտում տուժողներ չեն լինի: Կտուժեն միայն ՀՀ քաղաքացիները, ովքեր կրկին կզրկվեն ԵՄ կողմից համաձայնագրով առաջարկվող բազմաթիվ հնարավորություններից և արտոնություններից:
 
Ստելլա Խաչատրյան