Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ  է: Այն հնարավորություն է տալիս քաղաքական դիվերսիֆիկացիայի և Հայաստանը հնարավորություն է ստանում լուրջ մանևրելու արտաքին քաղաքական դաշտում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Սակայն Հակոբյանն, այդուհանդերձ, չի ընդունում այն տեսակետը, ըստ որի՝ այս համաձայնագիրը Հայաստանի փրկությունն է կամ անկախության նման մի փաստաթուղթ է. «Ինչպես ցանկացած միություն, դա ընդամենը հնարավորություն է տալիս երկրին՝ իր ծրագրերը կատարելու և զարգանալու: Ամբողջ խնդիրը նրանում է, թե որքանով ընդդիմությունը, իշխանությունը, քաղաքական էլիտան կիրականացնեն փաստաթղթում առկա կետերը: Այն, ինչ գրված է փաստաթղթում, 90 %-ով գրված է Սահմանադրության մեջ, որովհետև փաստաթուղթն ընդամենը շրջանակային համաձայնագիր է, որի կետերը դեկլարատիվ բնույթ են կրում և ապագայում պետք է, որ լինեն օրենքների փոփոխությունների տեսքով: Խնդիրն այն է, թե որքանով մեր իշխանությունները կցանկանան այդ արժեհամակարգով առաջնորդվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այն, ինչ գրված է համաձայնագրում, Հայաստանի իշխանությունների կողմից մեսիջ է աշխարհին, ըստ որի՝ Հայաստանը որպես իր զարգացման ուղենիշ՝ նշում է եվրոպական արժեհամակարգը:

Նրա կարծիքով՝ ԵՄ-ն Արցախի հարցի կարգավորման համար ոչինչ չի կարող անել. «Համաձայնագրում Արցախի հարցով պարզապես ֆիքսում է, որ այս հարցի մանդատը տրված է Մինսկի խմբին: Այսինքն՝ երեք սկզբունք է դրված, որոնք առաջարկվել են Մինսկի խմբի կողից: Դժվար թե այս փաստաթղթով Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում շրջադարձեր և լուրջ փոփոխություններ լինեն»,- նշեց քաղաքագետը: 

Հարցին՝ համաձայնագրի ստրագրումը հնարավորութոյւն կտա՞ որոշ չափով նվազեցնել մեր երկրի վրա եղած ռուսակական ազդեցությունը, կամ ռուսական արժեհամակարգը որքանո՞վ կարող է համատեղել եվրոպականի հետ, և հնարավո՞ր է խոչընդոտներ լինեն և դրանից տուժի Արցախը, Հակոբյանը պատասխանեց.

«Ռուսական արժեքները հենց եվրոպական արժեհամակարգի մի մասն են և պետք չէ մոռանալ՝ մինչև 2013 թ. ուկրաինական դեպքերը, շատ համերաշխ ուղով էին ընթանում, և եվրոպական միության հետ փորձում էին կառուցել միասնական Եվրոպա, որն անվանում էին Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Այսինքն՝ ռուսական արժեհամակարգը լավ էլ ինտեգրվում է եվրոպական արժեհամակարգին, քանի որ իրավիճակը թույլ է տալիս:

Ես կարծում եմ՝ նախապես Ռուսաստանի հետ նախահամաձայնեցվել են համաձայնագրի բոլոր կետերը, ասպեկտները, հետևանքները, քննարկվել է Արցախի հարցը, դրա համար՝ ես կարծում եմ, որ լուրջ խոչընդոտներ չեն եղել Ռուսաստանի կողմից՝ Արցախի հարցի շուրջ»,- ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը՝ ի՞նչ գին է մեզանից պահանջել Ռուսաստանը, որ համաձայնել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը, քաղաքագետը նկատեց, որ այդ գինը եղել է դեռևս 2013 թ.-ին, երբ Հայաստանը չստորագրեց Ասոսցացման համաձայնագիրը. «Այսինքն՝ ժամանակին մենք չենք ստորագրել ասոցացման համաձայնագիրը, որը խորացված փաստաթուղթ էր, այնուամենայնիվ, այս փաստաթուղթը չի պարունակում Ռուսաստանի համար այն վտանգները, որը պարունակում էր Ասոցացման համաձայնագիրը: Այս համաձայնագրում չկա ամենանկարևոր խոչընդոտը Ռուսաստանի համար, այն է՝ ազատ առևտրի մասին դրույթ, որը հակասում էր ԵԱՏՄ-ի հետ պարտավորություններին»,- նշեց Հակոբյանը: 

Սոնա Հարությունյան