«Մինչ 2018-ի հունվարի մեկը մեր երկրում արդեն իսկ մասնակի գործում է  ԵԱՏՄ մաքսային ընդհանուր դրույքաչափը, և այն ամբողջապես կգործի 2018 թ. հունվարի մեկից: Ինչպես նախկինում էինք ասում, նույնն ասում ենք նաև այսօր՝ դրա հետևանքով ՀՀ դեղարտադրության ոլորտը խնդիրների առաջ է կանգնել: Եթե ՀՀ դեղարտադրողների արտադրանքի 50 տոկոսը նախկինում արտահանվում էր տարբեր երկրներ, փաստացի, 2018 թվականի հունվարի մեկից հետո կողմնապահությունն ավելի շատ Ռուսաստանի կողմն է: Անգամ պահանջում են, որ դեղերի կլինիկական հետազոտությունն արվի ՌԴ-ում, ինչին հակադարձում է հայկական կողմը: Մենք պահանջում ենք, որ դա մեզ մոտ կատարվի»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ նշելով, որ ՌԴ-ն մերժել է հայկական կողմի առաջարկը և շարունակում է պահանջել, որ ՌԴ արտահանվող դեղերի կլինիկական փորձաքննությունը կատարվի ՌԴ-ում, ինչը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ: 

Հաջորդ դժվարւթյունն, ըստ Զաքարյանի, պահանջված բարձր որակավորումն ապահովող ստանդարտներն են, որոնք բերում է դեղարտադրության և դեղահումքի թանկացման. «CPM (Good Manufacturing Practice-Պատշաճ արտադրական գործունեություն) չափանիշներին համապատասխանելու ստանդարտների ձեռքբերումից հետո, դեղի արժեքի վրա ազդում է նաև 20 տոկոս ԱԱՀ-ն, որն, օրինակ, չկա նույն ԵԱՏՄ անդամ Բելառուսում: Ավելին ասեմ՝ Բելառուսի դեղարտադրությունը ստանում է պետական սուբսիդիա, որը դառնում է դեղն էժան վաճառելու պատճառ»,-ասաց Զաքարյանը:

Վերջինս նշեց, որ իրենք դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ վերանայելու դեղերի և դեղահումքի համար սահմանված ԱԱՀ- 20 տոկոսը. «Սկզբում ասացին՝ կհանեն, բայց օրերս ստացանք նամակ, որով մերժվեց մեր առաջարկը: Մենք շարժում ենք նախաձեռնում և անձամբ մասնավոր հատվածի դեղարտադրողներով պատրաստվում ենք այն առաջնորդել և շարունակելու ենք պահանջել ԱԱՀ-ի 20 տոկոսի վերացումը: Մենք նաև ստանձնում ենք պարտավորվածություն՝ եթե մեր այդ պահանջը կատարվի, 20 տոկոսով դեղերի գները կնվազեն»:

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրենը նաև հավելեց, որ  Կառավարության և ֆինանսների նախարարության հետ ՀՀ-ում մասնավոր գործունեություն իրականացնող դեղարտադրողներն ու դեղ ներմուծող և արտահանող ընկերությունները փորձում են համագործակցել, որպեսզի դեղերի շուկայում գնաճ չլինի, հակառակ պարագայում՝ հող է նախապատրաստվում մաքսանենգության համար. «Մարդիկ ստիպված են լինում դիմել «կանտրաբանդաների», թաքցնել դեղերի քանակը, ներմուծել կամ արտահանել փոքր տուփերով»,-ասաց Զաքարյանը՝ ընդգծելով, որ այս հարցը հրատապ լուծման անհրաժեշտություն ունի: 

Աղավնի Սուքիասյան