Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի հերքում՝ Հայաստանում կան աղքատներ, որոնք, ըստ պատգամավորի, չեն կարող օգտվել մի շարք ապրանքատեսակներից՝ անկախ դրանց գնից:

«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է՝ գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»,- ասել է նա: Նկատենք՝ երեկ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից:

Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում ընդդիմության կարիքն անգամ չկա: Չէ՞ որ ընդդիմության գործն արդեն երկու օր է՝ փայլուն կատարում են հենց իրենք՝ հանրապետականները: Ընդ որում՝ նրանց նորեկ չես անվանի քաղաքականության մեջ, և քաղաքական փորձը պետք է որ հուշեր՝ համատարած թանկացումների ֆոնին, եթե մատը մատին ի վիճակի չեն խփել, թերևս լավագույն որոշումը լռելն է, այլ ոչ թե ժողովրդի վերքին աղ լցնելը:  Ո՞վ է Հակոբ Հակոբյանը կամ Խոսրով Հարությունյանը; Ի՞նչ են նրանք արել, որ աղքատը նաև միս գնելու հնարավորություն ունենա՝ կարտոֆիլի հույսին չմնալով: Ոչինչ չեն արել: Նրանք երկուսն էլ այն գորշ մեծամասնության ներկայացուցիչն են, ովքեր «բնական ընտրության» միջոցով միշտ կան, հարմարվում են արտաքին ու ներքին կատակլիզմներին, միշտ կառուցողական են ներքին ու արտաքին խնդիրներում: Նրանք ոչ մեծ, բայց սեփական քվոտան են ստանում տնտեսա-քաղաքական համակարգում պաշտոնների ու բիզնեսների մասով:

ՀՀԿ վերջին մտքի կոթողի հեղինակ Խոսրով Հարությունյանն  ինքը գազալցակայանի, ԱԺ մանդատի ու ԱԳՆ փոխնախարարի աթոռի տեր է դարձել Ռուսաստանի դեսպանատան ու ՀՀԿ-ի քվոտայով: Իհարկե, աղքատի ճաշացանկը նրան հարիր չէ: ՀՀԿ ողբերգությունը, սակայն, այսքանով չի ավարտվում: Տիգրան Սարգսյան. «..մնան, որ կրիտիակական մասսա հավաքվի, հեղափոխություն լինի՞», և այսպես շարունակ:

Անկեղծ են։ Ինչ մտածում են՝ ասում են։ Միգուցե իրենց համար ավելի լավ տարբերակ էր՝ գոնե հասկանալ, թե ինչը և ինչպես պիտի ասվի, ինչը՝ ոչ։ Բայց չէ՛, վստահ են, որ հենց ճիշտը դա է, խորամանկելու չունեն։ Ազնիվ են։ Եվ անհատապես իրենք առողջ են, բայց սա վերնախավային խելագարություն է։

 

Ստելլա Խաչատրյան