Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերթական բազմանշանակ հայտարարությունն է արել: Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրությունները միշտ կեղծվել են. «Ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել»,-զարմացած արձագանքել է Ռուստամյանը լրագրողների հարցին: Նման հայտարարությունը թերևս տարօրինակ չհնչեր, եթե հեղինակը լիներ ԵԼՔ-ը, կամ որևէ այլ ընդդիմադիր ուժ, որը մինչ օրս իշխանության մաս չի կազմել: Սակայն ՀՅԴ կողմից նման հայտարարությունը նոնսենս է. չէ՞ որ տարիներ շարունակ այս ուժը եղել է իշխող կոալիցիայի մաս, ասել է թե՝ իշխանություն: Ստացվում է՝ ՀՅԴ-ին բաժին հասած պորտֆելները ևս կեղծված ընտրությունների արդյունքում են հասել իրենց տերերին: ՀՅԴ-ը այս ամենին հանգիստ էր վերաբերվում, հանգիստ էր վերաբերվում նաև ըստ իրենց՝ ընտրությունները մշտախես կեղծած ուժի հետ կոալիցիա կազմելուն: Այդ դեպքում՝ ի՞նչ է պատահել, որ հիմա Դաշնակցությունը որոշել է այդ մասին բարձրաձայնել, ընդ որում՝ կոալիցիոն գործընկերոջը ոչ միանշանակ քաղաքական ուղերձ հղելով: Իսկ պատճառը քաղաքական անորոշությունն է:
 
Դեռեւս սահմանադրական փոփոխությունների շրջանում նույն Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ, եթե խորհրդարանական կառավարման մոդելը հաստատվում է եւ կատարվում են այսպես ասած բարեփոխումներ, ապա ՀՅԴ-ն խնդիր չի տեսնում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում, առավել եւս, որ օրենքը չի արգելում դա: Ըստ ամենայնի՝ ՀՅԴ-ին նյարդայնացնում է անորոշությունը, որ պահում է Սերժ Սարգսյանը եւ Դաշնակցությունը սկսում է կամաց-կամաց դժգոհել այդ կապակցությամբ: Արմեն Ռուստամյանի նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դժգոհություն Սերժ Սարգսյանից, ակնարկելով ի վերջո հստակեցնել, թե ինչ գործողության է պատրաստվում, որպեսզի ՀՅԴ-ն էլ կողմնորոշվի իր անելիքի հարցում: Եթե ոչ վաղ անցյալում ՀՅԴ-ն համարվում էր Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը ՀՀԿ-ից հետո, եւ այդ սերն ու փոխվստահությունը ցուցադրվում էր երկկողմ, հիմա ՀՅԴ-ում սեր են տածում նաեւ Կարեն Կարապետյանի հանդեպ։ Չմոռանանք, որ օրերս էլ լրագրողների հարցին՝ Կարեն Կարապետյանը կկարողանա՞ փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ կարող է»: Պարզ է, որ ՀՅԴ-ն դուրս է մնում խաղից եւ հիմա էլ ռեւերանսներ է անում Կարեն Կարապետյանի նկատմամբ, և «մեկ նալին, մեկ մեխին» խփելու սկզբունքով ցանկանում է մնալ ասպարզում։
 
Ստելլա Խաչատրյան