Սիրիայի շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս կա. նախևառաջ` խոսքը գնում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան հայտնի եռյակի մասին, որոնք երկար ժամանակ, յուրաքանչյուրն իր մասով, Սիրիայում իր ազդեցության շնորհիվ կարողացել է ինչ-որ արդյունքի հասնել: Սակայն դա չէր կարող լինել առանց Միացյալ նահանգների հետ ստրատեգիական նշանակության համաձայնության, որն առաջին հերթին եղել է Ռուսաստանի և Ամերիկայի միջև: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով` այն բանից հետո, երբ աշխարհի բոլոր երկրներն, իրար հերթ չտալով հայտարարեցին, որ իսլամական պետությունն այլևս պարտված  է, մրցավազք սկսվեց, թե ով է այդ հաղթանակի տերը, և յուրաքանչյուրն իր հերթին հայտարարում էր, թե ինքն է հաղթողը. «Այս առումով՝ նման է երկրորդ աշխարհամարտի իրավիճակին, երբ արևմտյան բոլոր երկրները փորձում են այդ հաղթանակն իրենց վերագրել: Հիմա նույնը կատարվում է Սիրիայի պարագայում»,- ասաց նա:

Նշենք, որ օրերս անակնկալ այցով Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման էր տվել: Անդրադառնալով Պուտինի այցին և հայտարարությանը՝ քաղաքագետը նկատեց, որ Պուտինի արած հայտարարությունը պարունակում էր նաև PR՝ այն առումով, որ ամրագրում էր Ռուսաստանի զինված ուժերի դերը. «Պուտինը գնաց, այնտեղ հայտարարեց, որ պատերազմում հաղթանակ է տարված, իր զորքերին ոգեշնչեց՝ ամբողջ աշխարհին հայտարարելով, թե ովքեր են հաղթել այդ պատերազմում»,- ասաց նա և ավելացրեց՝ քանի որ պատերազմն ավարտված էր, այլևս իմաստ չուներ այնտեղ պահել զորքերը, ուստի՝ հրամայեց հանել այնտեղից:

Հակոբյանի կարծիքով՝ զորքերի հանումը Սիրիայից՝ մեկ այլ նշանակություն ևս ունի. «Զորքն այնտեղից հանելով՝ Պուտինը փորձում է էլ ավելի մեծ չափով ազդել Սիրիայի ետպատերազմյան գոտիների ստեղծման գործընթացի վրա: Մի բան է, երբ պատերազմի ժամանակ ունես դաշնակիցներ. ասենք թե՝ Թուրքիան և Իրանը, և շատ դեպքերում կոմպրոմիսների միջոցով հաջողվում է ընդհանուր թշնամուն ջախջախել, մեկ այլ բան է, երբ պատերազմից հետո փորձում են այդ հաղթանակն իրար մեջ կիսել:

Քաղաքագետը նշեց նաև՝ այստեղ կա և՛ PR, և՛ քաղաքական կոմպոնենտ, Պուտինի այցում կա ետպատերազմյան գործընթացների վրա ազդելու միտում: Ինչ-որ չափով ազդելու նաև ոչ միայն Ասադի, այլև Իրանի և Թուրքիայի վրա, որովհետև առանց ռուսաստանյան ռազմական ուժերի Սիրիայում կայունություն չի ավելանում: