Օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի որդին՝ Ռազմիկ Բարսեղյանը, որը ԼՂՀ Մարտունի-3 զորամասի զինծառայող էր, հոգեկան խնդիրներով զորամասից տեղափոխվել է ԶՈւ Կանազի հոսպիտալ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հերքեց տարածված լուրերը, թե իր պաշտպանյալի որդին հոգեկան խնդիրների պատճառով է տեղափոխվել հոսպիտալ. «Երեխան ունի խնդիրներ և գտնվում է հոսպիտալում: Սակայն ունի ոչ թե հոգեկան, այլ՝ ինչպես Իշխան Բարսեղյանի կինն ասաց ինձ՝ տղան ունի ֆիզիկական առողջության խնդիրներ: Երեխա է, բնական և հնարավոր է ունենա նյարդային ապրումներ, որի հետ կարող է առաջանալ նաև ֆիզիկական խնդիր»,- ասաց նա՝ հրաժարվելով հստակեցնել, թե ինչ խնդրի մասին է խոսքը:

Մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երիտասարդը հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում է ստանում դեռևս հոկտեմբեր ամսից: «Երիտասարդն ունի հոգեբանական, որոշակի նյարդային խնդիրներ: Որևէ այլ բան ասել չեմ կարող, քանի որ դա  մարդու անձնական տվյալն է և վերաբերում է նրա առողջությանը»,- ասաց Հովհաննիսյանը:

Սակայն ՊՆ խոսնակը հերքեց, թե երիտասարդը խնդիրները ձեռք է բերել բանակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Թեև նշեց՝ հայտնի է, թե Ռազմիկ Բարսեղյանի մոտ ինչի պատճառով են առաջացել առողջական խնդիրները, սակայն հրաժարվեց տեղեկացնել այդ մասին:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ,1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: 

2016 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանը հանդիպել է քաղաքացուն և նրանից անձամբ ստացել 1000 ԱՄՆ դոլար: Հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով: ՀՀ ԱԱԾ կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: 

Սոնա Հարությունյան