2018 թվականի պետական բյուջեում կրթության ոլորտի հատկացումները նախորդ տարվա համեմատ, 600 մլն դրամով կրճատվել են, սակայն Սերժ Սարգսյանը գտնում է, որ ոչ մի կրճատում էլ չկա. «Չի կրճատվում: Հատկապես, եթե հաշվի առնեք գիտությանն ուղղված այն մասը, որը կա պաշտպանության նախարարության բյուջեում: Նաև պետք է հաշվի առնենք, որ արդեն Հայաստանում գործում են մի քանի հիմնադրամներ, որոնք պատրաստ են կրթաթոշակներ տրամադրելու կամ տրամադրելու գրանտներ՝ գիտությամբ զբաղվողների համար: Սա էլ հանգամանք է, չմոռանանք, որ արդեն Եվրամիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության մեջ կոնկրետ ուղղություններ: Ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում, և իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 
Հետաքրքիր է, որ կառավարությունը, ով փաստացի հանդիսանում է կրթության բյուջեի ամորձատման հեղինակը, ընդունում էր կրճատման փաստը, պարզապես փորձում էր փարատել մտահոգությունները, հայտարարելով, որ ֆինանսավորման կրճատումը չի ազդելու կրթության որակի վրա: Կարեն Կարապետյանը հաճախ է տարբեր դեպքերում հիշատակում Իսրայելը և այն դիտարկում որպես օրինակ, և եթե փորձենք այս դեպքում էլ համեմատել այդ երկրի ծախսած գումարները կրթության բնագավառում հասկանալի կդառնա, որ Կարապետյանի ասածներն ուղղակի տեսական բնույթ են կրում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` Իսրայելը կրթության ոլորտում ծախսում է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը` մոտ 3 անգամ ավել, քան պատրաստվում է ծախսել Հայաստանը: Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է կառավարությունը «լավ պետություն ունենալու» խոստումներով պատրաստվում «լավագույն կրթություն» տրամադրել իր քաղաքացիներին` տարեցտարի կրճատելով այդ ոլորտի ֆինանսավորումը:
 
Ի տարբերություն կառավարության՝ Սերժ Սարգսյանը գտնում է որ կրճատում ընդհանրապես չի եղել, և նույնիսկ հիմնավորումներ է բերում: Սակայն, եթե փորձենք վերլուծել Սարգսյանի խոսքերը՝ հետևյալ պատկերն ենք ստանում:Նախագահը իբրև կրթության ոլորտի ֆինանսավորում է ներկայացնում ՊՆ-ին հատկացված գումարները, որոնցով ինչպես գիտենք նոր հետազոտական համալսարան պետք է հիմնադրվի: ԵՄ «Հորիզոն 2020» ֆոնդը , որը դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանի գիտնականների մրցունակ գիտական նախագծերին նույնպես համարվում է կրթության ֆինանսավորում: Այս տրամաբանությամբ Երևանի էլիտար դպրոցների վարձավճարները, որոնք դուրս են գրվում ոչ թե բյուջեից, այլ այդ դպրոցների սաների ծնողների գրպաններից, նույնպես կարելի է հաշվել որպես կրթության ֆինանսավորում, և արդյունքում կստացվի, որ մեզ մոտ կրթության բյուջեն ավելացել է: Սա նույն թվերի նկարչությունն է միայն թե ավելի լեգալ ձևով, եբ իրականությունը կարող ես ներկայացնել ի օգուտ քեզ, ինչն էլ մասնագիտորեն անում են ՀՀ իշխանությունները:
 
Իսկ ի՞նչ «տրյուկների» են նրանք դիմելու, եթե այդ նույն ԵՄ ինչ-որ պահի կրճատի կամ ընդհանրապես դադարեցնի դրամաշնորհների տրամադրումը: Արդյո՞ք այն ժամանակ ևս արդարացում կգտնեն, թե ի վերջո ստիպված են լինելու ընդունել դառը իրականությունը: Իսկ իրականությունը հետևյալն է ՀՆԱ-կրթություն հարաբերակցության տոկոսով մենք առաջ ենք Կամբոջայից ու Կոնգոից, բայց հետ ենք Ռուանդայից ու Ալժիրից… Բայց ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ կարևորը թղթով ամեն բան նորմալ է:
 
Ստելլա Խաչատրյան