Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2017 թվականի ծրագիրը: Ըստ այդմ, հաշվետու ժամանակահատվածում վերանորոգվել է 796 բազմաբնակարան շենքերի 1426 մուտք: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է այս ուղղությամբ շարունակել հետևողական հսկողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ արդեն ավարտվել են Ամանորի տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքները: Նշվել է, որ մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի վաղը երեկոյան' հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Իսկ արդեն դեկտեմբերի 20-ից «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում կգործարկվի «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին՝ տոնական ուղերթով: