Կառավարության հունվարի 11-ի նիստում ընդունվեց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած՝ աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող որոշումը:

Ըստ նախարար Մարտիրոսյանի՝ մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված մեքենաները կկարողանան վերահաշվառել, իսկ ապրիլի 1-ից հետո ներկրվածները չեն հաշվառվի. «Նախատեսվում է արգելել աջ ղեկային կառավարման համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 ապրիլի 1-ից: Սահամանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծվածների վրա և նրանք կարող են վերահաշվառել, հաշվառել մեքենաները»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ որ մինչև ապրիլի 1-ը ներմուծվածները կարող են ազատ շահագործվել և նրանց հաշվառվման և վերահաշվառվման դեպքում որևէ խնդի չի առաջանա: 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու,երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: 

Նշենք, որ ՀՀ կառավարության « Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման  ժամանակավոր արգելքի մասին» նախագծերով  առաջարկվում է ներկայացնել առաջարկություն  Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»  թիվ 877   որոշման մեջ  լրացում կատարելու և  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում (Ղազախստան, Բելառուսիա) Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելու համար: