Վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի զինակից ընկերներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով հասարակությանն՝ ակտիվ մասնակցություն ունենալ Ալբերտի համար իրականացվող դրամահավաքին: 

«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը խորհուրդ է տալիս մի կողմ թողնել տարբեր պաշտոնյաներին ուղղված մեղադրանքները և եթե կան այդպիսիք, դրանք հնչեցնել առանց շաղկապելու Ալբերտի խնդրի հետ. «Մենք այսօր համաձայնել ենք հանդես գալ ասուլիսով, որպեսզի կարողանանք նպաստել Ալբերտի բուժման գործին, որպեսզի հնարավորինս արագ հավաքվի այն գումարը, որով պետք է Ալբերտը մեկնի բուժման: Կոչ ենք անում, որ դրական և բացասական տեսակետներ ունեցող մեր քաղաքացիներն իրենց ամբիցիաները մի կողմ դնեն և լծվեն Ալբերտի բուժման գործին»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ ցավալի է, որ այս հարցը դարձել է միմյանցից հաշիվ պահանջելու տարբերակ: 

 

Վերջինիս խոսքով՝ Ալբերտի մորը դեռ ամիսներ առաջ ընդունել է Վիգեն Սարգսյանը և առաջարկել օգնության այս տարբերակը, քանի որ պետական միջոցներից հնարավոր չէր գումար հատկացնել.  «Պաշտպանության նախարարից շատ շնորհակալ ենք, քանի որ՝ եթե ինքը ստատուսը չգրեր, չէր հավաքվի այնքան գումար, որքան արդեն կա: Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ նախ պետք է բանակում կոռուպցիան վերացնել և ունենալ զգալի խնայողություններ, ապա պետք է ասեմ, որ ամեն ինչ միանգամից չի լինում»:

ԼՈւՐԵՐ.com-ը ՀԿ-ի ղեկավարից հետարքրքվեց՝ իրենք մոնիթորինգի կենթակե՞ն դրամատուների ցանկը՝ հասկանալու համար, թե նրանցից քանիսն է զինվորական պաշտոնյա: 

Հարցին ի պատասխան՝ Մանուկյանը նշեց. «Թե Զինված ուժերում ծառայող քանի պաշտոնյա՝ որքան գումար կփոխանցի Ալբերտի հաշվին՝ թողնում ենք իրենց խղճին: Որպես ՀԿ ղեկավար՝ ես չեմ էլ հետաքրքրվի, թե այդպիսի պաշտոնյաներ հաշվեհամարին գումար փոխանցողների ցանկում կան, թե ոչ»:

Աղավնի Սուքիասյան