Ամիսներ առաջ կառավարությունը նախաձեռնեց էներգետիկ ոլորտի ազատականացման գործընթացը, այսօր արդեն Կարապետյանի կաբինետի ներկայացրած առաջարկները օրենքի նախագծի տեսքով քննարկվում են ԱԺ-ում: Նախ ասենք, որ տվյալ ոլորտում ազատականացումը ենթադրում է դասական բիզնես միջավայրի, շուկայական պայմանների ապահովում: Նման պայմանների դեպքում էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը կարող է էլեկտրաէներգիա գնել այն արտադրողից, որի առաջարկած սակագինն իրեն ձեռնտու է: Այսօր ՀԷՑ-ը պարտավոր է էլեկտրաէներգիա գնել այն բոլոր ընկերություններից, որոնք պետության կողմից լիցենզիա են ստացել և էլեկտրաէներգիա են արտադրում: Սակագինը որոշվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, համատեղ քննարկումների կամ պայմանավորվածությունների արդյունքում:

 

ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել դեռևս 2004թ.-ին և հենվում է միակ գնորդ-վաճառող սկզբունքի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և այն մատակարարին վաճառելու իրավունքը: Տվյալ դեպքում էլեկտրաէներգետիկ շուկայում բաշխիչ ցանցերն է գործում որպես միակ գնորդ և վաճառող:

Նոր օրենքը ենթադրում է մի շարք նորամուծություններ, որոնցից կարելի է առանձնացնել այսպես կոչված թրեյդերների մուտքը ոլորտ: Նույն այն թրեյդերների, որոնք ժամանակին նպաստեցին «Նաիրիտ»-ի սննկացմանը՝ այն պարզ պատճառով, որ «Նաիրիտ»-ից էժան գնով գնված կաուչուկն արդեն շուկայական գնով վաճառում էին սպառողին՝ գրպանելով շահույթը: «Նաիրիտ»-ի օրինակը, փաստորեն, դաս չի եղել իշխանություններին, և հիմա էլ նույն մեխանիզմը փորձում են գործի դնել արդեն էլեկտրաէներգետիկ շուկայում: Նոր նախագիծը ենթադրում է, որ թրեյդերները ՋԷԿ-ից լույսն էժան գնելու են, ՀԷՑ-ից բաշխման էժան սակագին ստանան ու բնակչությանը ՀԷՑ-ի ստանդարտ սակագնից մի փոքր ավելի էժան մատակարարեն:  Թվում է՝ սա իդեալական տարբերակ է, սակայն՝ ոչ հայկական իրականության պարագայում: Կասկած անգամ չկա, որ թրեյդերների դերում հանդես են գալու  հենց ՀԷՑ-ի ու ՋԷԿ-ի (այսինքն «Գազպրոմ»-ի) հետ փոխկապակցված անձինք: Իհարկե, զուտ փաստաթղթային առումով՝ այս նախագիծը ենթադրում է ՀԷՑ-ի մենաշնորհի վերացում, առնվազն՝ էներգիա մատակարարելու մասով: Սակայն, եթե խնդիրն առավել խորքային դիտարկենք, ապա ՀԷՑ-ին և «Գազպրոմ»-ին կից ստեղծվում են կառույցներ, որոնք արտադրության կամ բաշխման ենթակառուցվածքների մեջ առանց որևէ ներդրում անելու՝ կկարողանան էլէներգիայի առևտրով զբաղվել՝ չկրելով որևէ սոցիալական պատասխանատվություն: Ակնհայտ է, որ իրական շահողը լինելու է ոչ թե ՀՀ շարքային քաղաքացին, այլ հենց ՀԷՑ-ը և «Գազպրոմ»-ը:

 

Բացի վերոնշյալ խնդիրներից, կա ևս մեկը՝ ոչ պակաս կարևորը: Ազատականացման մոդելը ենթադրում է նաև, որ նույն տնտեսվարող սուբյեկտը, որն իրականացնում է 3 գործառնություներ, կարող է ավելի  էժան էլեկտրաէներգիա գնել Վրաստանից և վաճառել այն ՀՀ-ում: Արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում, որ Վրաստանի ՀԷԿ-ում արտադրվող ավելի էժան էլէներգիան վաճառվի ՀՀ շուկայում: Սա բխում է  համապատասխան տնտեսվարողի՝ «Տաշիր գրուպ»-ի շահերից: Իհարկե, զուտ բիզնես տրամաբանության մեջ սա ընդունելի է, սակայն կվնասի երկրներին, որոնք էներգետիկ ռեսուրսը կարող էին օգտագործել որպես աշխարհաքաղաքական խաղաքարտ:

 

Ստելլա Խաչատրյան