Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության բաժնետոմսերը կհանձնի այլ ընկերությունների:

Որոշման նախագիծը ներկայացված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում, ըստ որի, հիմքն ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2018 թվականի հունվարի 16-ի №01/11.1/540-18 և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի դեկտեմբերի 27-ի և 29-ի գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. 1. Համաձայնություն տալ` 1) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 99.99% բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99% բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01% բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին հավասարաչափ օտարելուն, 2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին օտարված «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանն օտարելուն:

 

Նշենք, որ Արտյոմ Վասիլևն ու Պավել Մաշարովը առաջատար դիրքեր են զբաղեցնում ռուսական «ՄՏՍ»-ում: 

Իսկ Aramayo Investments Limited ընկերությունը, որը դառնալու է ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստանի բաժնետոմսերի 99 տոկոսի բաժնետերը, ըստ Հետք լրատվականի, համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի՝  երեք բաժնետեր ունի. լիբանանցի եղբայրներ Պիեր և Մովսես Ֆատուշները ունեն 10-ական տոկոս բաժնեմաս, մնացյալ 80 %-ը պատկանում է Լյուքսեմբուրգում գրանցված  Mobile Telecom Holdings S.A.R.L-ին:

Mobile Telecom Holdings S.A.R.L ընկերությունը  Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություն է։ Այն հիմնադրվել է Հոնկոնգում՝ 1999 թվականին և գրանցվել է Հոնկոնգի ֆոնդային բորսայում 2007 թ.: Խմբի բաժնետոմսերի 99% -ը պատկանում է Companhia de Telecomunicações de Macau, S.A.R.L. («CTM»): CTM- ն Մակավայում առաջատար հեռահաղորդակցման ծառայություններ մատուցողներից մեկն է և Մակավայում միակ ամբողջական հեռահաղորդակցման ծառայություններ մատուցողն է: