Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ 2018 թվականի պետական բյուջեից հատկացվել է 573500 դրամ՝ արտասահմանյան պատվիրակության այցի հետ կապված ծախսերը հոգալու համար։

Որոշման տեքստը տեղադրված է e-gov.am կայքում։

 

Ըստ որոշման՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարության պատվիրակության` 2018 թվականի հունվարի 22-24-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը` 573500 դրամ, պետք է հատկացնել ՀՀ պետական բյուջից։

Քանի որ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում ԼՈւՐԵՐ.com-ը չգտավ այս այցելության հետ կապված որևէ մամուլի հաղորդագրություն, չկար նաև որևէ տեղեկություն այն մասին, թե այս պատվիրակության հայաստանյան այցն ինչ արդյունք է տվել, այն փորձեցինք ճշտել նախարարության լրատվական բաժնից։ 

Նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Անահիտ Խեչոյանը մեզ տեղեկացրեց, որ հունվարի 22-24-ը Հայաստանում են գտնվել Առևտրի համաշխարհային կազմակերպության պատվիրակության երեք անդամ, ովքեր մեր երկրում անցկացրել են երեք օր։ 

Ըստ Խեչոյանի՝ այս այցը ճանաչողական էր, որի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել հայաստանյան տարբեր գերատեսչությունների հետ։

Թե պատվիրակության այցն ինչ արդյուքն է տվել, կամ ինչ կարելի է ակնկալել այս ճանաչողական այցից, Խեչոյանը դժվարացավ պատասխանել։ 

Վերջինս չասաց նաև, թե ինչի համար է ծախսվել նաև պետբյուջից հատկացված  573500 դրամը։