ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ ներկայումս չկա բնական պաշարների արդյունավետ կառավարումն ապահովող համապարփակ քաղաքականություն:

 

Ռազմավարության նպատակն է բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ և բարեկեցիկ շրջակա միջավայրի ձևավորման, կենսաբազմազանության և բնական ռեսուրսներով ապահովման միջոցով:

 

«Ռազմավարությամբ առաջարկվող լուծումները հնարավորություն կտան ոլորտում իրականացնելու բնական պաշարների կայուն կառավարմանն ուղղված բարեփոխումներ: Մասնավորապես, փաստաթղթով առաջին անգամ ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է պոչամբարներին: Առկա է 22 պոչամբար, և դրանց վերամշակման ու հետագա կառավարման հարցն այսօր արդեն օրախնդիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: