ՀՀԿ-ն  անսպասելիորեն կողմ է քվեարկել Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը քառօրյայի օրակարգում ներառելու՝ ԵԼՔ դաշինքի նախաձեռնությանը՝ ինչը, թերևս, զարմանալի էր առաջին հերթին հենց ընդդիմադիր դաշինքի համար. ԱԺ նախորդ նիստի ընթացքում ԵԼՔ-ի անդամները միաբերան կարծիք էին հայտնում, որ իշխող քաղաքական  ուժը դեմ կարտահայտվի նախագիծը լիագումար նիստերի  օրակարգ ընդգրկելուն: Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀԿ-ն նմանօրինակ կոնսենսուս ձևավորեց իր համար բավական իրարամերժ հարցի շուրջ:

Մի կողմից՝ սա Հանրապետականների ակնհայտ ծուղակն է ընդդիմադիր ԵԼՔ-ի համար, ընդ որում՝ հենց ԵԼՔ-ի լարած ծուղակը:  Հայտարարության տեքստի նախագիծն օրակարգում ներառելը դեռ չի նշանակում, որ այն կընդունվի, սակայն նման քվեարկությամբ կրկին սկիզբ կառնեն ստվերային համաձայնության մասին խոսակցությունները, հատկապես՝ ապրիլին ընդառաջ, ինչը էական հարված կհասցնի ընդդիմադիր ուժի քաղաքական վարկանիշին: Որքան արագ դաշինքը կորցնի նաև իր հանրային նշանակությունը, այնքան արագ տեղ կազատվի դաշտում 2022 թվականին ընդառաջ՝ ընդդիմադիր նոր խմորումների համար: 

Սակայն այստեղ առկա է նաև հարցի մյուս կողմը՝ վերջին շրջանը ընդդիմադիր քաղաքական ուժի համար հաջող չես անվանի: Գնաճի դեմ պայքարի դրոշակակրի դերը ստանձնած ԵԼՔ-ին չհաջողվեց իր շուրջ հավաքել հանրային լայն շերտերին, առավել ևս՝ բովանդակային աստառ հաղորդել այդ պայքարին: Հետևաբար, սա կարելի է համարել մարտավարական հաղթանակ ԵԼՔ-ի համար, որը երկարաժամկետ կտրվածքով դժվար թե լուրջ դիվիդենտներ բերի: Հենց դրանում է կայանում ՀՀԿ լարած ծուղակը, երբ մարտավարական հաղթանակը կարող է վերածվել ռազմավարական պարտության: ԵԼՔ-ի համար իրերի նման ընթացքը ձեռնտու է նաև վերջին շրջանում դաշինքում ծագած տարաձայնությունների մասին խոսակցությունների ֆոնին: Ինչպես ասում են ՝ չկա ծուխ առանց կրակի: Այս կերպ ընդգծվում է ԵԼՔ-ի գործոնը, թիմային աշխատանքի արդյունավետությունը, ինչը, իհարկե, ձեռնտու է Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժին:

 

Ստելլա Խաչատրյան