ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով վարչապետության չհավակնելու մասին՝ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը, անչափ ուշագրավ միտք է արտահայտել, նշելով՝ «Բնական է, որ ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե իր խոսքի տերը չէ՝ ուրեմն ինքն ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ: Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է. շատ պիտի մտածես, թե ինչ ասես»: Նա ասել է, որ ամեն մարդ ունի իր բարոյականությունը: Սա ՀՅԴ հերթական կսմիթն է, այս անգամ՝ բավականին թափանցիկ:  Իրականում՝ ՀՅԴ-ին ոչ այնքան մտահոգում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը և 2014 թվականի խոսքի տերը լինելը, որքան 2016-17 թվականների կոալիցիոն պայմանավորվածությունների՝ խոսքի տերը լինելու հանգամանքը: Մյուս կողմից՝ ՀՅԴ-ն վերջին զարգացումներից հետո ՀՀԿ-ին պատասխանելու առիթ էր փնտրում:

 

Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է՝ ինչպես ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվեց ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Ինչպես եւ սպասելի էր՝ իշխանությունների կողմից այս նախագիծը քննադատության արժանացավ: Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով 9 դեմ եւ 5 կողմ ձայներ, որի պատճառով էլ այն ստացավ բացասական եզրակացություն: Սակայն, ուշագրավն այն էր, որ նախագծին դեմ քվեարկածների թվում է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս՝ ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստից հետո, նրանք հայտարարություն էին տարածել եւ խոսել հենց ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին: Սակայն այսքանից հետո ՀՅԴ-ական պատգամավորը դեմ է քվեարկում: Փաստորեն, ստացվում է, որ ՀՅԴ-ում սովորույթը, որ կողմ են բոլոր նախագծերի քննարկմանը, գործում է այն ժամանակ, երբ իրենք են ուզում:

Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին՝ «Ելք»-ի հեղինակած նախագծին կոալիցոն ընկերներ ՀՅԴ-ականները ոչ թե դեմ, այլ ձեռնպահ քվեարկեցին: Նախահարձակ հայտարարություններից հետո քիչ հավանական է, որ ՀՅԴ-ն մատների արանքով նայեր այս հարցին եւ թույլ տար, որ իր խմբակցության պատգամավորն էլ բնազդաբար կողմ քվեարկեր ՀՀԿ-ականների հետ:  Ամենայն հավանականությամբ, կոալիցիոն գործընկերներին իշխող մեծամասնությունը իրենց սեփական տեղն է ցույց տվել՝ «մահ, կամ իշխանություն» վերջին ժամանակների հոգեհարազատ լոզունգի ներքո: Սա առիթ է հանդիսացել, որպեսզի ՀՅԴ-ն ևս մեկ քար նետի ՀՀԿ-ի բոստանը, այս անգամ՝ շահարկելով իշխող կուսակցության «աքքիլեսյան գարշապարը»: Միևնույն ժամանակ, հենց ՀՅԴ-ի համար, կասկածից վեր է, որ կողմ են քվեարկելու Հանրապետականի ներկայացրած ցանկացած թեկնածուին, անգամ եթե վերջինս չպահի իր խոսքը՝ դրանով իսկ հակասելով ՀՅԴ-ի՝ բարոյականության մասին ունեցած պատկերացումներին:

 

 

Ստելլա Խաչատրյան