ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն,անդրադառնալով այն հանագամանքին, որ ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը միաժամանակ պաշտոնավարում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում՝ նշեց՝ քանի դեռ որպես նախագահ իր պաշտոնավարումը չի սկսել, նոր նախագահը կարող է զբաղեցնել նաև դեսպանի պաշտոնը: 

 

«Չգիտեմ՝ աշխարհում ինչպես է, բայց կարծում եմ՝ այդ ամենում տրամաբանությունն այն է, որ նա նախագահ է լինելու ապրիլի 9-ից հետո, իսկ մինչև այդ պահը կարող է շարունակել պաշտոնավարել նաև դեսպանի պաշտոնում: Ինչպես Սերժ Սարգսյանը մինչև իր պաշտոնավարման վերջին օրն աշխատելու է նախագահ, այնպես էլ Արմեն Սարգսյանը մինչև երդմնակալության պահը երևի թե մնալու է այդ պաշտոնին»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ նախագահ դառնալուց առաջ նա կազատվի դեսպանի պաշտոնից:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը թեև ընտրվել է նախագահ, բայց դե յուրե դեռևս նախագահ չէ, քանի որ կա նաև գործող նախագահ: 

«Օրինակ, նոր նախագահն ԱՄՆ-ում լինում է ժամանակավոր կառավարող, որը նոր պաշտոնյաներ է ընտրում նոյեմբերից մինչև հունվարի 20-ը, իսկ նշանակումը սկսում է միայն հունվարի 20-ից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը երդվում է: Մյուս կողմից, օրինակ, Թրամփին ոչ ոք չէր խանգարում իր բիզնեսով զբաղվել: Իսկ ամսի 20-ից հետո ամեն բան պետք է հանձնած լիներ այն կազմակերպություններին կամ անձանց, ովքեր իր կապիտալներով պետք է զբաղվեին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս առումով իրավական տեսակետից խոչընդոտ չկա: 

Մեր այն դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում գրեթե նույն ընթացակարգով նշանակվեց՝ նոր դեմք էր, չհեղինակազրկված, սակայն կարծես օտարերկրյա իր այցերում նախաձեռնողականությամբ քիչ է աչքի ընկնում, քան, օրինակ, Արմեն Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Մեծ Բրիտանիայում (նախատեսված է նաև այցելություն Ամերիկա և հանդիպում այնտեղի հայ համայնքի հետ), մինչդեռ Կարեն Կարապետյանի այցերի շրջանակը սահմանափակվում է ԵԱՏՄ տարածքով և մի քանի այլ հարևան երկրներով: Ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք դա վկայում է Արմեն Սարգսյանի առավել լայն հնարավորությունների մասին, քաղաքագետը պատասխանեց. «Արմեն Սարգսյանն իր այցելությունների ժամանակ հանդիպում է հայ համայնքի ղեկավարների հետ: Այսինքն՝ որպես ընտրված նախագահ՝ հանդիպումներ է ունենում: Իսկ վարչապետն ունի պաշտոնական կարգավիճակ և իր հանդիպումները պաշտոնական բնույթ ունեն: Արմեն Սարգսյանի հանդիպումները չեն կարող պաշտոնական լինել և պաշտոնական հանդիպումներ կարող է ունենալ Միացյալ թագավորությունում որպես Հայաստանի դեսպան, որոնք հիմնականում մերձեցման երեկոներ են հայ համայնքի հետ: Իսկ ապրիլից արդեն կտեսնենք, թե իր պաշտոնական հանդիպումները որ երկրների հետ կլինեն և ինչ օրակարգով»,- ասաց քաղտեխնոլոգը: