«Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմությունը, շատ բնական է,  քանի որ նա պետք է ձևավորի իր սեփական քաղաքական օրակարգը: ԱԺ ԵԼՔ խմբակցությունը խնդիր ունի Ազգային ժողովում ձեռք բերելու միակ ընդդիմադիրի տիտողսը, որի համար էլ տանում է որոշակի քաղաքականություն, ընտրություններին առաջադրում է իր թեկնածուներին: ԵԼՔ-ը խնդիր չունի ողջ ընդդիմադիր դաշտը համախմբելու, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու: ԵԼՔ-ն անում է հնարավորը՝ հաջորդ գումարման Ազգային ժողովում ունենալու ոչ թե ինը, այլ ավելի շատ թվով պատգամավորներ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ընդդիմադիր ԵԼՔ-ը մինչ այս պահը դեռ չի հայտարարել Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու իր պլանի մասին՝ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«ԵԼՔ-ն իր ներսում դեռ կայանալու խնդիր ունի և Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի թևը դեռ «այո» չի ասել Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարին, այնպես որ, ես պնդում եմ, որ չի բացառվում, որ ԵԼՔ-ը տրոհվի: Իշխանությունը ստեղծված հանգամանքները պահում է ուշադրության կենտրոնում և կարողանում է շատ արագ սողոսկել այդ ճեղքերի մեջ, ինչը չի բացառում, որ ԵԼՔ-ի կազմի մեջ մտնող կուսակցությունները կարող են տրոհվել»,-ասաց Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ այն, որ խորհրդարանի ընդդիմադիր այս ուժի ներսում հակասություններ կան և դրանք գնալով սրվում են, փաստում են նաև այն, որ նրանք ակտիվ մասնացկություն չեն ունենում հանրահավաքներին։

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ  ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:

Սակայն այս պահին Ազատության հրապարակում համատեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավանականությունը զրո է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է՝ նա կամ պետք է հրաժարվի Ազատության հրապարակ գնալու իր որոշումից, և այդ դեպքում ԵԼՔ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու, կամ չունենալով ԵԼՔ-ի մյուս կուսակցությունների աջակցությունը՝ միայնակ գնում է Ազատության հրապարակ, և այդ դեպքում ԵԼՔ խմբակցությունը նրան չի առաջադրում վարչապետի թեկնածու»: