ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մեկ շաբաթ է, ինչ ավարտվել է, բայց դեռ ՀՀ ԱԺ կայքում իբրև դարի գլխավոր նորություն և ձեռքբերում փայլում են պատվիրակության անդամների «գլամուր» լուսանկարները: Քանի որ հայրենի երեսփոխաններն իրենց պատմական այցի ընթացքում ոչ վիզային ռեժիմի դյուրացմանը հասան, ոչ էլ, օրինակ՝ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը, ստացվում է, որ պետական բյուջեից փող ծախսելու և ամերիկաներ հասնելու միակ և գլխավոր նպատակը սելֆիներ և, թող ների ընթերցողը արտահայտության համար՝ խմբակային լուսանկարներ անելն էր: Եթե այցի աննախադեպությունը լուսանկարների քանակով  է չափվել, ապա ամեն ինչ ճիշտ է: Այս տեսանկյունից՝ անգամ պատմական էլ էր:
 
Մեզ՝ որպես հարկատուների՝ չի սփոփում անգամ տարածված այն հայտարարությունները, որ վերոնշյալ «փիառշիկները» բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ: Թե կոնկրետ որ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է պատվել մեր «աստղային» թիմին ընդունելությամբ՝ դժվար է ասել, այդ մասին անգամ ներկաները նախընտրել են համեստորեն լռել, գուցե չցանկանալով բացահայտել իրենց իրական կալիբրը և քաղաքական գործչի մասշտաբայնությունը:
 
Փոխարենը՝ այցը միանգամից անվանվեց պատմական և ուշադրությո՛ւն…առաջին նման բարձր մակարդակով կատարված այց: Ստացվում է՝ մեր փիառշիկները փիառվելուց լավ են, սակայն սեփական երկրի, կամ առնվազն՝ ԱԺ իրենց նախկին գործընկերների ծավալած գործունեությունից՝ ընդհանրապես անտեղյակ են: Դեռեւս 1993 թվականին, ամերիկյան կողմի հրավերով ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներից կազմված մի խումբ է մեկնել Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում եղել են Հրանուշ Հակոբյանը, Նադիր Սահակյանը, Էդիկ Յարալյանը, Հովհաննես Մատինյանը, Վաչագան Հարոյանը, Ավետ Գրիգորյանը, իսկ պատվիրակության ղեկավարն էլ Բագրատ Ասատրյանն է եղել։ Բայց երևում է՝ այդ այցը ըստ մերօրյա գործիչների՝ ոչ պատմական էր, ոչ էլ աննախադեպ: Իսկ իրականությունն այն է, որ այն ժամանակ պարզապես փիառվելու և սիրուն-սիրուն նկարներ անելու ժամանակ չկար: Մարդիկ գործ էին անում: Գործ, որն այսօրվա նրանց կոլեգաները անգամ չեն էլ հիշում: Օրերս ԱՄՆ կատարված այցն առաջինը չէր:  Մնում է հուսալ, որ ամերիկացիներին մեր ողջ մասշտաբայնությունը ցույց տալուց հետո գոնե վերջինը չի լինի:
 
Մի ուշագրավ երևույթ, ամեն դեպքում, մեզ համար կարող ենք առանձնացնել: Գուցե Հայաստանում քաղաքական մշակույթի սաղմնավորման նպատակով մերոնք ավելի հաճա՞խ արտասահմանյան այցեր կատարեն: Բանն այն է, որ ԱԺ պատերի ներսում իրար միս կրծող, աչք հանող, յոթերորդ պորտի բարեկամ հիշող ընդդիմությունն ու իշխանությունը պարզապես կերպարանափոխվում են օտար, ամայի ճամփեքին հայտնվելով: Մե խինդ, մե ուրախություն, մե գորովանք արտահայտող համատեղ լուսանկարներից այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք մեկ քաղաքական ուժ ներկայացնող գործիչների հետ, որոնք ընդհանրապես որևէ հակասություն ունենալ չեն կարող և պարզապես առիթը բաց չեն թողնում ԱԺ ինստագրամյան էջը թարմացնելու համար: Ի դեպ՝ կարծես թե նման էջ չկա, եթե մեր պատվիրակությունների այցերը շարունակվեն նման բարեկամական և ռոմանտիկ մթնոլորտում անցկացվել, կարծում ենք՝ նման էջի կարիք իրապես կզգացվի: Օգուտ չեք բերում՝ գոնե նկար բերեք…
 
Ստելլա Խաչատրյան