Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գոյության վեց տարիների ընթացքում մատնված է բացարձակ անգործության, բայց դա չի խանգարել, որպեսզի հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ հատկացնեն: Մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի աշխատավարձը կազմում է շուրջ 1 միլիոն դրամ: Եվ չնայած դրան, էթիկայի հանձնաժողովն ըստ էության որևէ գործունեություն չի ծավալում. տարվա ընթացքում նրանց ստացած դիմումները չի գերազանցում 15-20-ը, ընդ որում, այդ դիմումներից ոչ բոլորի կապակցությամբ են իրենք վարույթ հարուցել, հարուցելուց հետո էլ որոշումները կայացրել են հիմնականում հօգուտ իշխանության ներկայացուցիչների:
 
Իրականում ստեղծվել է մի մարմին, որը միայն ենթակա է Սերժ Սարգսյանին, եւ նա պետք է որոշի` որ պաշտոնյան է էթիկան խախտել, դատական գործ հարուցել, դիմել իրավապահ մարմիններին, կամ չդիմել, պաշտպանել այդ մարդկանց: Հասկանալի է, որ կառույցը բացարձակ անգործության է մատնված` չնայած ունի բավականին մեծ աշխատակազմ, որի ներկայացուցիչները չենք կարծում, թե կամավորության սկզբունքով ու առանց աշխատավարձի են աշխատում պրոիշխանական այս կառույցներում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հանգիստ խղճով կարելի է լուծարել, աշխատակիցներին տուն ուղարկել եւ կոռուպցիայի դեմ սկսել պայքարել ոչ թե գրագետ շարադրված տեքստերով, այլ իրականում։
 
 
Ի դեպ,մեկ կարևոր հանգամանք ևս: Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել հասարակության կողմից ճանաչված քաղաքացիները: Օրենսդրության մեջ չկա մի որեւէ դրույթ, որը կբացատրեր, թե ինչ բան է հանրության կողմից ճանաչված լինել հասկացությունը: Այդ դեպքում գուցե նշանակող կամ առաջադրող անձը ինքը պետք է բացատրի, թե ինչ սկզբունքով ու մոտեցումներով է չափել այս պահանջը, կատարվել է այն, թե` ոչ: Անգործության մատնված և հարկատուների հաշվին գոյատևողներից ո՞ւմ է ճանաչում հանրությունը: Ինչպես միշտ Հայաստանում կոռւպցիայի դեմ պայքարի գաղափարի օրենսդրական լուծումները բերվեցին այն դաշտ, որպեսզի դա երբեւէ չսպառնա իշխանությանը, այլ սպառնա նրանց, ովքեր կդավաճանեն իշխանությանը, ովքեր անհնազանդություն կցուցաբերեն իշխանության հանդեպ:
 
Ստելլա Խաչատրյան