Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է՝

«Լաստիվեր տանող արահետից երևացող անտառները՝ 2012 թվին և հիմա։ Մենք էլ երբեք չենք տեսնի առաջին պատկերը, քանի որ ծառագողերն ու նրանց հովանավորները վերացնում են մեր բնաշխարհը։ Սա արվում է ինչպես անօրինական, այնպես էլ «օրինական» հատումների միջոցով։ Երևի այս մարդկանց մթանգնած ուղեղները միայն այն ժամանակ կսկսեն գիտակցության նշույլներ ցույց տալ, երբ անտառների վերացման հետևանքով կցամաքեն իրենց բնակավայրերը սնուցող աղբյուրներն ու գետերը, իսկ բոլոր լեռնալանջերը կդառնան սողանքային գոտիներ։ Բայց այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի, իսկ կորցրածը հետ բերելն էլ՝ անհնար։

 

Տեղեկացնենք, որ կոնկրետ այս տարածքում ծառահատում չի կարելի անել, քանի որ լանջերի թեքությունները 30 աստիճան և ավել են։ Նաև այս տարածքում են գտնվում Իջևանի և Արջատխլենու պետական արգելավայրերը։ 
Այս ամենի մասին ահազանգվել է 2012 թվականից սկսած, երբ Խաչաղբյուր գետի վրա ուզում էին փոքր ՀԷԿ կառուցել ու հունի կողքով ճանապարհ բացել՝ ՀԷԿ-ի խողովակները տեղադրելու համար։ Գետահովիտցիների և բնապահպանների երկար պայքարն արդյունք չտվեց ցավոք և 2014-ին այդ ճանապարհը բացվեց ու ՀԷԿ-ը կառուցվեց։ Հիմա տեսնում ենք դրա ցավալի հետևանքները։ Հենց եղավ հարմար ավտոճանապարհ նախկինում կուսական անտառի խորքերը հասնելու՝ անմիջապես սկսվեց այդ անտառաշերտերի ոչնչացումը։

Որքա՞ն ժամանակ ենք դեռ շարունակելու չտեսնել ակնհայտը և անտեսել մտահոգ քաղաքացիների ահազանգերը։
ՀՀ Բնապահպանության նախարարություն Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն «Հայանտառ» ՊՈԱԿ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»: