Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ:

Քիչ առաջ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին.

«Եթե Սերժ Սարգսյանը մտավախություն ունի իր ընտանիքի, երեխաների, թոռների անվտանգության հետ կապված, որ որեւէ մեկը կարող է վատ վերաբերմունքի արժանանա, որ Սերժ Սարգսյանի բարեկամն է, ապա ես երաշխավորում եմ, որ նման բան չի լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ բացառեց, որ Մարտի 1-ը կարող է կրկնվել:

«Ի տարբերություն Մարտի 1-ի այսօր մեզ աջակցում է ամբողջ հայությունը, որը ամեն օր մեծանում է: Ես կոչ եմ անում հանրությանը, որ նամակներով, զանգերով ճնշեն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա զինվորական կամ ոստիկան, որ կարող է մեր վրա կրակել: Այս իրավիճակը մի համեմատեք որեւէ իրավիճակի հետ: Որեւէ եզր չկա 2008-ի, 2003-ի եւ մյուսների հետ: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պայքարում է իր արժանապատիվ ապագայի համար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իշխանության հետ շփվելու համար փակ չէ, բայց մինչեւ այդ պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Սերժ Սարգսյանն իրականում չի տիրապետում իրավիճակին, ես կարծում եմ, որ այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում»-ասաց նա։