Հայաստանում տեղի ունեցող թավշյա՝ ոչ բռնի հեղափոխությունը մոտ է ամբողջական հաղթանակին, որին իր կարևոր մասնակցությունն է ունենում նաև «Ծառուկյան» խմբակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ:

Երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար Գագիկ Ծառուկյանի աջակցությունն էին ակնկալում հայաստանյան իշխող էլիտան, ռուսաստանաբնակ որոշ մեծահարուստներ: Փորձում էին վերջինիս ներգրավել իրենց շարքերը, և համատեղ ուժերով թույլ չտալ հեղափոխության իրականացմանը:

 

Այդ ընթացքում «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանը երկու անգամ հյուրընկալվել է Ծառուկյանի մոտ, փորձել է համոզել նրան՝ դառնալ վարչապետ: Կարապետյանը շեշտել է, որ ՀՀԿ-ն կսատարի իրեն՝ վարչապետ ընտրվելու հարցում:

Թե՛ Կարապետյանի, թե՛ մյուսների համար Ծառուկյանի թեկնածությունը ընդունելի էր: Ըստ պլանի, կկազմվեր ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա, իշխանության ղեկին կլիներ Ծառուկյանը, իսկ Կարապետյանի թիմը՝ ի դեմս Կարեն կարապետյանի կշարունակեր ղեկավարել կառավարության տնտեսական բլոկը:

Բայց, Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, ունենալով բոլոր հնարավոր միջոցները առաջադրելու իր թեկնածությունը, չգնաց նոր ինտրիգների՝ մնալով հավատարիմ իր խոսքին: Ծառուկյանը մնաց ժողովրդի կողքին՝ սատարելով ժողովրդի թեկնածուին, այս դեպքում՝ «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: