«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում մեկնարկած ճանապարհաշինական ծրագրերն ընթացքի մեջ են։ Տասնամյակներ շարունակ չնորոգված տեղական նշանակության ճանապարհները հիմնանորոգվում են՝ առավել բարեկեցիկ կենցաղ ապահովելով գյուղական համայնքների բնակիչների համար։ 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի հերթական աշխատանքային շրջայցը Արարատի տարածաշրջանի հիմնանորոգվող ճանապարհահատվածներում էր։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

 

Միջպետական մայրուղուց դեպի Հովտաշեն հասնող ճանապարհի 2կմ-ից ավելի հատվածում երթևեկելի մասի վերականգնումից բացի նախատեսվում է նորոգել նաև այստեղ գտնվող 2 կամուրջները, վերականգնել ջրահեռացման համակարգը, կառուցել մայթեր ու կողնակներ։

Շինարարները, նախարարի պաշտոնակատարին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեցին, որ վնասված ոռոգման համակարգի պատճառով մի շարք խնդիրներ էին առաջ եկել։ Դրանք վերացնելուց հետո միայն հնարավոր է եղել անցնել ճանապարհի վերականգնման աշխատանքներին։ 

«Կարևորը որակն է։ Ուշադրություն դարձրեք որակին»,-նշել է Վահան Մարտիրոսյանը: 

Արդեն ավարտվել են եզրաքարերի  ապամոնտաժման, ճանապարհային ծածկի քանդման աշխատանքները։ Տեղադրվել են նոր, բազալտե եզրաքարեր ու վաքեր։

Ընթացքի մեջ է կամուրջներից մեկի հիմնանորոգումը, որի թռիչքային մասի վնասված հատվածներում կատարվում են ամրանների վերանորոգման աշխատանքներ և բետոնապատում։ 

Ակտիվ շինաշխատանքներ են ընթանում նաև Մ2 միջպետական մայրուղով Դիտակ-Ջրաշեն գյուղական համայնքերը կարճ ճանապարհով Նուբարաշենի խճուղուն կապող ճանապարհի 2կմ-ից ավելի հատվածում։ 

«30-տարուց ավելի այս ճանապարհը չի նորոգվել: Առավոտը 7-ից սկսում են աշխատանքը և մինչ ուշ երեկո աշխատում են»,- նշեց Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոնյանը: 

Համայքի ղեկավարը ներկայացնում է նաև վերջին տարիներին գյուղի ձեռքբերումները. նոր մանկապարտեզ է կառուցվել, դպրոց, ասում է՝ ճանապարհներն էլ որ նորոգվեն, բնակիչների կենսակերպն ավելի կլավանա։ 

Շինաշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը։ Այստեղ ևս ճանապարհի պատվածքն ամբողջությամբ կթարմացվի, կվերականգնվի ջրահեռացման համակարգը, կմաքրվեն ու կնորոգվեն ջրթող խողովակները, մայթեր կկառուցվեն, նոր վաքեր և մետաղական խողովակներ կտեղադրվեն։

Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանն էլ իր գոհունակությունն է ներկայացնում աշխատանքների ընթացքից։ «Մեր այս ճանապարհը, որ կարևոր նշանակություն ունի մեր գյուղացիների համար, շատ ահավոր վիճակում էր։ Շատ երկար տարիներ ենք սպասել, որ այս աշխատանքներն իրականացվեն, իսկ հիմա կատարվում են»,-նշեց նա: 

 

Արևշատ-Աբովյան գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհի ավելի քան 1,5 կմ հատվածում ևս հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում:  

Բնակիչները ևս անհամբերությամբ են սպասում դրանց ավարտին։  

Հին եզրաքարերն արդեն հեռացվել են, փոխարենը տեղադրվել են 1826 գծմ նոր բազալտե եզրաքարեր, կառուցվել են 887գծմ բետոնե եզրաշարեր։ Ըստ անհրաժեշտության` կատարվել են գազատարի և ջրագծի տեղափոխման աշխատանքներ: 

Աբովյան համայնքում վերականգնվում է նաև ոռոգման խողովակների վրա կառուցված կամրջի մակերևույթը։

Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս ընդգծելով հիմնանորոգվող ճանապարների կարևորությունը՝ նշեց, որ թերացումները պետք է բացառվեն, ճանապարհները պետք է կառուցվեն որակով և երկար տարիների կյանք ունենան։

2018թ. մարտի 23-ից մեկնարկած՝ այս գյուղական համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև այս տարվա հոկտեմբերի 23-ը, սակայն շինարարները նախարարին խոստանում են որակի չափանիշները բարձր պահելով՝ ավարտել ամռանը։

Հիմնանորոգման աշխատանքներից բացի՝ կտեղադրվեն նաև ճանապարհային նշաններ, արգելապատնեշներ և արգելափակոցներ: