Այսօր՝ մայիսի 22-ին, Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի ճեպազրույցի ընթացքում բնապահպանների մի խումբ մուտք գործեց քննարկման սրահ և բողոքի ակցիա իրականացրեց։ Բնապահպան ակտիվիստների ձեռքին պաստառներ էին «Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» գրությամբ։ Ակցիա իրականացնողներն իրենց հետ բերել էին հանքի թթվային դրենաժի հետևանքով աղտոտված ջուր, որը վերցրել էին Տանձուտի հանքից:

Բնապահպան ակտիվիստներից՝ Անի Հովհաննիսյանն Անկախ խորհրդատվական խմբի անդամներին հայտարարեց, որ թույլ չեն տալու «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությանը՝ շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը։  Բնապահպաններն ընթերցեցին Ամուլսարի ուսումնասիրության փորձագիտական կարծիք՝ ներկաներին հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության ներկայացրած տվյալները կիսատ են եւ ոչ հավաստի:

 

Այսօրվա ճեպազրույցին անկախ խորհրդատվական խումբը պատրաստվում էր հրապարակել «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեության արդյունավետության վերաբերյալ տարեկան զեկույցը՝ կապված բնապահպանական և սոցիալական միջազգային լավագույն աշխատակարգերն իրականացնելու՝ ընկերության հանձնառության հետ:

Նշենք, որ փորձագիտական խումբը մեկ տարի ուսումնասիրել էր հանքավայրի շահագործան ազգեցությունը և եզրակացության եկել, որ պետք է դադարեցնեն Ամուլսարի շահագործումը։ Բնապահպան ակտիվիստներից  Լեւոն Գալստյանը հայտարարեց, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը կեղծ փատստաթղթեր է ներկայացրել կառավարությանը: