Որոշ ժամանակ առաջ անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության խնդիրներին և նշել, որ ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: Հայաստանյան գործարարներից մեկը, որի ընկերությունը տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով ծառայություններ է մատուցում երկաթուղուն, օրեր առաջ հայտարարել էր, որ երկաթուղու որոշ աշխատակիցներ Հայաստանի ԱԱԾ-ի անունից իրենց ահաբեկում են, բիզնեսին տիրանալու նպատակով: Խնդիրը դեռևս չի լուծվել և գործարարը պատրաստվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է  գործարար, «Շին Արտս» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Սահակյանի հետ:

 

-Պարոն Սահակյան, մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ ձեր վեճը շարունակվում է ու որոշել եք հունիսի 7-ին այդ թեմայով հարց ուղղել ՌԴ նախագահ Պուտինին: Իրավիճակն այդքան անհուսալի՞ է:

Ոչ  մի անհուսալի բան չկա, դա մենք մի ամիս առաջ տեսանք Հանրապետության հրապարակում: Ավելին, այն ինչ այս օրերին կատարվում է հանրապետությունում, նկատի ունեմ մեծ հնչեղություն ստացած հետաքննություններն ու ստուգումները, հույս են տալիս, որ մեր ընկերության և ՀԿԵ ղեկավարության միջև ծագած վեճը նույնպես իր համապատասխան լուծումը կստանա: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ խնդիրը միայն մեր ընկերությունը չէ: Խնդիրը մեր՝ ստրատեգիական նշանակություն ունեցող հայկական երկաթուղու թալանն է, որ իրականացվում է մի քանի հոգու կողմից: Սա առավելապես հայ-ռուսական միջպետական հարաբերությունների, Հայաստանում և հայ ժողովրդի մոտ Ռուսաստանի միջազգային և գործընկերային հեղինակության հարց է: Ավելին, ՀԿԵ երեկվա ու այսօրվա բարձր ղեկավարությունը՝ Ռեբեցն ու Վալկոն են խնդիրը դրել այդ հարթության մեջ, իրենց ապօրինությունները ռուսական ու հայկական հատուկ ծառայությունների՝ ԷֆԷսԲե-ի ու ԱԱԾ-ի անվան տակ քողարկելով:

-Ձեզ շարունակու՞մ են վախեցնել հատուկ ծառայություններով:

Ոչ, արդեն չեն վախեցնում, ուղղակի մեր բոլոր բիզնեսները վերջնականապես խլեցին մեզանից: Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո մեզ հրավիրել են ՀՀ ԱԱԾ, ժամերով «զրուցել» են, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Փաստացի մինչև 2018 թվականի վերջը գործող բոլոր պայմանագրերով մեզ վստահված ծառայությունները մատուցելու հնարավորություն մեր ընկերությունն արդեն չունի: Փոխարենն այդ ծառայություններն ապօրինի մրցույթների արդյունքում հայտնվել են այլ՝ իրենց կողմից ստեղծված կամ վերահսկվող ընկերությունների ձեռքում:  Դա այն դեպքում, երբ մեր ընկերությունը նույն այդ ծառայությունները երկաթուղուն մատուցում է մոտ քսան տարի և այդ ընթացքում մեր գործընկերների կողմից ո՛չ մի բողոք, ո՛չ մի նույնիսկ նամակ չենք ստացել, որ խոսի մեր կողմից մատուցվող ծառայությունների վատ որակի կամ այլ թերացումների մասին: Մեր մուտքը երկաթուղու վարչական շենք արգելված է՝ մեզ անհասկանալի պատճառներով: Միգուցե շենքն արդեն վալկոները, դարբինյանները, անտոնյանները կամ վեներագերասիմովնաները սեփականաշնորհել են: Իհարկե, մենք համոզված ենք, որ այդ սահմանափակումներով փորձ է արվում մեզ հեռու պահել ՀԿԵ-ում կատարվող թալանի մասին տեղեկատվությունից:

 

Բայց դա թույլ քայլ է, որովհետև չարաշահումներն ու թալանն այնքան մեծ է ու անթաքույց է կատարվում, որ անզեն աչքով էլ տեսանելի է: Ավելին, մեր ընկերության անվտանգության աշխատակիցները շարունակում են հետևել մեր գործունեության հետ կապված երկաթուղու բոլոր գործարքներին և նորանոր աղաղակող խախտումներ են հայտնաբերում: Մի օրինակ բերեմ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀԿԵ պատկանող մոտ 350 բեռնատար վագոն վերջին տարիներին վերանորոգման պատրվակով ուղարկվել են Վրաստան, որտեղից դրանց մոտ 90 տոկոսը վաճառվել է Ուկրաինային: Հայաստան է վերադարձել մի 25-30 վագոն: Այլ բան է, որ հայկական երկաթուղին փաստացի զրկվել է իր վագոնային պարկի մի ահռելի մասից ու, օրինակ, Վրաստանից բեռնափոխադրումներ անելու համար  մենք հիմա նույն վագոնները ստիպված ենք վարձակալել վրացական կողմից, բայց նույնիսկ այդ վաճառքը կատարվել է ծիծաղելի էժան գներով:

Սա ի՞նչ է, եթե ոչ պետական դավաճանություն ու սաբոտաժ, որ կատարվում է Հայաստանի նկատմամբ ռուս չինովնիկների կողմից: Հենց այդ պատճառով ենք պատրաստվում հարցը բարձրացնել նաև Վլադիմիր Պուտինի մակարդակով, որպեսզի զսպի  ԷֆԷսԲե-ի անունից հայկական երկաթուղում ռեկետ անողներին: Իսկ Հայաստանի ԱԱԾ նախկին ու ներկա այն աշխատակիցները, որոնք ամեն ինչ արեցին, որ մեր բիզնեսը խլեն մեզանից, պատասխան են տալու մեր նոր վաչապետի առաջ: Ոչ ոք իրավունք չունի մեր պարտաճանաչ վճարված հարկերից թոշակ ու աշխատավարձ ստանալ ու հետո էլ խլել մեր բիզնեսը:

Այդ նպատակով փաստերի մի ամբողջ փաթեթ էլ ներկայացվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: