Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 5-7-ը անց է կացնելու եռամսյակային հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման և չկատարման հանգամանքները:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան » լրատվական գործակալությունը:

«Թուրանի» համաձայն՝ ուսումնասիրվելիք գործերի մեջ է նաև Ադրբեջանին առնչվող երեք գործ՝Գաֆգազ Մամեդովի (ձերբակալվել է ցույցերին մասնակցելու համար), Իլգար Մամեդովի (ձերբակալվել է իշխանություններին քննադատելու անհիմն մեղադրանքով), Մահմուդովի և Աղազադեի (ձերբակալվել են զրպարտության անհիմն մեղադրանքով ) գործերը:

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ պետությունները պարտավոր են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնել ՄԻԵԴ վճիռները:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:

Ադրբեջանում գործող «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս, որը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլլիի դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին:

Մամեդովի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր դեռևս 2014 թ., որով անօրինական էր համարել նրա կալանքն ու նրա նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումները: Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել նաև ՄԻԵԴ առաջին որոշումը:

Պետությունների կողմից որոշումներն ի կատար չածելու պարագայում ՄԻԵԴ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել տվյալ երկրի նկատմամբ, ինչը սպառնում է նաև Ադրբեջանին: