Ամուլսարի հանքի շահագործման շուրջ կրքերը չեն հանդարտվում: Օրեր առաջ Գնդևազ համայնքի բնակիչները փակել էին Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհը, պահանջելով դադարեցնել հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող աշխատանքները, քանի որ հանքավայրը դեռ չշահագործված՝ բնապահպանական աղետ է դարձել ոչ միայն Գնդևազի, այլ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում եւ Ջերմուկ քաղաքի համար: Գնդևազցիներին էր միացել նաև Ջերմուկ քաղաքի ավագանին:
 
Տարակուսելին այստեղ այն փաստն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնդևազցիներին կոչ արեց դադարեցնել պայքարը՝ ընդդեմ իրենց գյուղն ու տարածաշրջանը բնապահպանական աղետի գոտի վերածող հանքավայրի շահագործման, ինչու նա որպես թավշյա հեղափոխության առաջնորդ չի կանգնում այն մարդկանց կողքին, ովքեր դեռ մեկ ամիս առաջ իր կոչով փողոցներ էին փակում, հույս ունենալով, որ կազատվեն «Լիդիան Արմենիա»-ից: Փաշինյանը, իհարկե, հասկանում է, որ չի կարող «Լիդիան Արմենիա»-ին զրկել հանքավայրի շահագործման լիցենզիայից: Որովհետեւ որքան էլ նրա կառավարությունը նոր լինի ու իշխանության եկած լինի հեղափոխական ճանապարհով, միեւնույն է, պետք է կատարի նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները: Եթե նոր կառավարությունը զրկի «Լիդիան Արմենիա»-ին հանքավայրը շահագործելու լիցենզիայից, «Լիդիան Արմենիա»-ն կարող է դիմել միջազգային դատական ատյաններ եւ պահանջել, որ Հայաստանի կառավարությունը փոխհատուցի իր կատարած բազմամիլիոնանոց ներդրումները եւ կրած վնասները: Ծրագրի իրականացման ընթացքում ընկերութունը նախատեսում էր 486 միլիոն դոլարի ներդրում կատարել Ամուլսարում, և բնական է, որ բիզնես ծրագրի տապալումը պետության վրա «թանկ» կնստի:
 
Ի դեպ, հենց այսօր տեղեկատվություն տարածվեց, որ «Լիդիան Արմենիա»-ն պատրաստվում է Լոնդոնի արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնել, պահանջելով որպես փոխհատուցում 2 միլիարդ դոլար: Թեև ընկերությունից շտապեցին հերքել այդ տեղեկատվությունը, այնուամենայնիվ, կասկած անգամ չկա, որ դատական հայցն ընդդեմ պետության՝ Լիդիանի պահեստային տարբերակն է, եթե նոր իշխանությունները որոշում կայացնեն դադարեցնել հանքի շահագործումը:
 
«Լիդիան Արմենիա» ընկերության հետ կապվում է նախագահ Արմեն Սարգսյանի անունը, ընդ որում՝ այդ կապը թեև չի հաստատվում, միևնույն ժամանակ, չի էլ հերքվում: 2013թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին Սարգսյանը եղել է Lydian International-ի տնօրենը: Այս շրջանում կարգավորել է ՀՀ կառավարության կողմից տարբեր թույլտվությունների ստացումը, ինչպես նաև կարևոր ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագրին: Եթե «Լիդիան Արմենիա»-ն, այնուամենայնիվ, որոշի դատական հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի՝ դա մեծագույն հարված կլինի Սարգսյանի բարի կերպարին, որը նա այս ընթացքում փորձում է ձևավորել՝ քոչարի պարելով և համբուրգերներ պատրաստելով: