Այսօր՝ հունիսի 18-ին, Վայոց Ձորի Շատին համայնքում տեղացիները փակել են համայնքապետարանի մուտքերն ու պահանջում են գյուղապետի՝ Արթուր Ստեփանյանի հրաժարականը։

Ինչպես տեղեկացրել ենք, դեռևս օրեր առաջ տեղացիները փակել էին ճանպարհները՝ բողոքելով տարածքում կառուցվող ՀԷԿ-երի դեմ։ Չստանալով ո′չ կառավարության, ո′չ անգամ համայնքապետարանի աջակցությունը՝ շատինցիներն ավելացրին նաև համայնքապետի հրաժարականի պահանջը։

 

Այսօր ԼՈւՐԵՐ․com.-ի թղթակցի հետ զրույցում համայնքապետ Արթուր Ստեփանյանն իր հրաժարականի պահանջը չկապեց ՀԷԿ-երի խնդրի հետ։

«Մի խումբ գյուղացիներ փակել են գյուղապետարան տանող բոլոր  մուտքերը․ մենք այսօր չենք կարողացել գնալ աշխատանքի։ Ցուցանակներ են դրել՝ վրան գրված՝ «Արթուր հեռացի′ր, Շատինը մոռացի′ր»։ Խնդիրը ո′չ ՀԷԿ-երն են, ո′չ այլ պատճառներ։ Հավաքվածներն ընդամենը 20 հոգի են, ովքեր քաղաքական նպատակներ ունեն։ Նրանք նախկին համայնքապետի կողմնակիցներն են, բողոքում են իբրև թե խոշորացման դեմ և պաշտոններ են պահանջում։ Մինչդեռ՝ երբ իրենց թեկնածուին էին տեսնում խոշորացված համայնքի ղեկավար՝ կողմ էին  խոշորացմանը և բողոք չունեին։ Հիմա նա չի հաղթել՝ իրենք դարձել են բողոքող։ Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին՝ հատկապես նոր կառուցվող այն ՀԷԿ-ին, որը, ըստ գյուղացիների, գետի հունն է փոխում, ապա ես պահանջել եմ տվյալ ՀԷԿ-ի տնօրինությունից համապատասխան փաստաթղթեր, զբաղվել եմ այդ հարցով։ Իսկ մյուս ՀԷԿ-երին  իմ ղեկավարման ժամանակ որևէ մեկը թույլտվություն չի տվել»,-պատմեց  համայնքապետը։

Մեր թղթակցի այն հարցին,  թե ինքն ինչպե՞ս է տեսնում խնդրի լուծումը, համայնքապետը պատասխանեց, որ իրավիճակը ներկայացրել է ԱԱԾ տարածքային կառույցին, Վայոց Ձորի մարզպետին, ոստիկանության պետին նույնպես, և սպասում է։

 

 ԼՈւՐԵՐ․com.-ի թղթակցին  այլ բան պատմեցին հավաքված ցուցարարները։

«Մենք պահանջում ենք գյուղապետի հրաժարականը․ նա չի աշխատել, մանկապարտեզի վրա աշխատանք չի տարել, որևիցե դրական տեղաշարժ չկա, իր կողմնակիցներին, ովքեր 5+5-ը, ասում են՝ հավասար է 30-ի,  ուռճացված աշխատավարձերով հաստիքներ է տվել։  ՀԷԿ-երի խնդիրն ավելի գլոբալ է»,- պատմեց ցուցարարներից մեկը։ 

ԼՈւՐԵՐ․com.-ի թղթակիցը զրուցեց նաև ոչ տեղաբնակ, բայց մշտապես Շատինի ցույցերի մասնակից և ՀԷԿ-երի դեմ պայքարող Տիգրան Եղոյանի հետ, ում գնահատականն էլ լրիվ այլ էր․ «Տեղացիները բողոքում են կառուցվող 4 ՀԷԿ-երի դեմ, որոնցից մեկը պատկանում է Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին և գրանցված է իր քրոջ անունով։ Ճիշտ է, ցուցարարներն ընդունում են, որ գործող համայնքապետի օրոք չեն տրվել շինարարության թույլտվությունները, բայց գտնում են, որ նա հանդիսանում է նախորդների իրավահաջորդն ու պետք է զբաղվի դրանով»,-ասաց ակտիվիստը։