ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքների արտահանման պահանջների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

- ծագման երկիրը,

- ապրանքի անվանումը,

- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),

- արտահանողի անվանումը և հասցեն,

- ստացողի անվանումը և հասցեն,

- պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղբանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,
արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում' փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր' համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։
Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։

Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012)90-60-90 և (010)20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման կենտրոն։